Իրանի հետ երկաթուղային ճանապարհ անպայման պետք է ունենանք. Միքայել Մելքումյան
Հայաստանի-Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը աննախադեպ բարձր աճ է, քանի որ երեք տարի առաջ այն կազմել է 1 մլրդ դոլար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 30 մլն դոլար, Ղազախստանի հետ՝ 17 մլն դոլար, Ղրղզստանի հետ՝ 1 մլն դոլար:
Միքայել Մելքումյանը նշեց, որ արտահանման խնդիրները հիմնականում կապված են լոգիստիկայի հետ: «Օրինակ, Ղազախստանը Փոթիում կառուցել է մեծ տերմինալ և Լարսում երբ մեծ խցանումներ են լինում, մեծ մասամբ լինում են ղազախական համարներով բեռնատարներ, քանի որ այլ ճանապարհ չունեն, Եվրոպայից ապրանքը բերում են Փոթի, որտեղից բեռնատարներով տանում են Ղազախստան: Կամ մենք պետք է Իրանով ճանապարհ ունենանք, գնանք Էնզելի նավահանգիստ, բայց դրա համար պետք է երկաթուղի լինի, այսինքն՝ Լարսից բացի այլ ճանապարհ չկա»,- ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանն անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը՝ նշեց, որ անպայման Իրանի հետ երկաթուղային ճանապարհ պետք է ունենալ:
«Գիտեք Ադրբեջանը չի՞ ուզում մտնել Իրան ու գնալ մինչև Պարսից ծոց: Բաքուն ներդրել է 500 մլն դոլար Աստարա-Ռաշտ երկաթուղու կառուցման, որի արժեքը կազմում է 1,1 մլրդ դոլար: Այսինքն՝ խնդիրներ կան, որ մենք չպետք է ասենք՝ դա տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ դա քաղաքական արդյունքներ ու հաղթանակներ է բերում: Անպայման մենք Իրանի հետ երկաթուղային ճանապարհը պետք է ունենանք, կարողանանք նաև երկու թունելները կառուցել, որ արագացնենք ու էժանացնենք լոգիստիկան: Եթե ունենալու ենք թանկ լոգիստիկա, բարդություններ են լինելու: Մենք չենք կարող մեր ՀՆԱ կառուցվածքի 80-90 տոկոսը տեխնոլոգիական դարձնենք»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նաև խոսեց «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Մասնավորապես նախագծով առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 մլն տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն:
Նրա խոսքով՝ նախ խնդիրը պետք է ամբողջապես ուսումնասիրել, պետք է հասկանալ, թե ինչ ակնկալիք կա գրավատներից և փոխանակման կետերից, արդյոք ցանկանում են, որ դրանք քիչ լինեն:
Միքայել Մելքումյանը միաժամանակ նշեց՝ կողմնակից է նրան, որ գրավատների տոկոսադրույքների համար պետությունը վերին շեմ սահմանի:
«Եթե սոցիալական հետևանքին ենք նայում, որ մարդիկ գրավատներում արագ գրավադնելով՝ տներ են կորցնում, թող պետությունը վերին շեմ դնի: Չի կարելի ինչ ուզում են անեն, բարձր տոկոս դնեն: Պետք է կարգավորումները դարձնել մարդկային: Եթե վարկ ես վերցնում, թվում է՝ տոկոսն այսքան է, բայց վերջում պարզվում է, որ մի 20 տոկոս էլ եղածի վրա ծախս է ավելանում, սա էլ պիտի կարգավորվի: Տոկոսը գրած է այսքան, գնում ենք վճարումները կատարելու՝ դառնում է այսքան: Ռիսկերը պետք է հաշվի առնել: Այսինքն՝ բերեք նախ ապացուցեք, թե ինչի համար է դա արվում, նպատակը ո՞րն է: Լսե՞լ եք, որ կառավարությունը ասի նպատակի մասին, որ այս նպատակով այսպես եմ անում, ուզում եմ բյուջե լցնեմ: Միգուցե ինքը ապացուցում է, որ այսքան գրավատուն կամ այսքան փոխանակման կետ անհրաժեշտ չի, որ Հայաստանում լինի: Ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանում պետք չի 17 բանկ լինի, ճիշտը 4-5 բանկ ունենալն է»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ բոլոր հարցերը պետք է հրապարակային քննարկել: