Իրենց էլ ազատենք այդ հոգսից, մեզ էլ. Բաբկեն Թունյան
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում էր։
Նիստի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է: Նախարարը նշեց, որ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Նախագծի ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների՝ ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև այս տարվա մայիսի 1-ը: Կուզեի հստակ հնչեր, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018 թվականի ընթացքում: Այսինքն՝ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերվում: Մենք ուղղակի ժամանակ ենք տալիս, որպեսզի այդ կուտակված մեքենաները ներմուծվեն, և մաքսային տարածքում մենք խնդիրներ չունենանք»,- մանրամասնեց Արշակյանը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով, կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում այն մարդկանց, որոնց մի մասը կումունիկացիաների հետ կապված, մյուս մասը՝ միտումնավոր, աջ ղեկով մեքենաներ է ներմուծել Հայաստան և կառավարությունից այս առումով զիջման հնարավորություն է ստանալու առաջարկվող փոփոխություններով։
«Ամեն դեպքում ունենք 800 մեքենայի կուտակում, որի լուծման համար վաղը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու։ Այս խնդիրները լուծելուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև մայիսի 1-ը մեքենաներ ներմուծել Հայաստան։ Ակնկալում ենք, որ այս որոշումից հետո մենք այլևս նման իրավիճակ չենք ունենա, որ ինչ-որ մեկը կանգնի ասի՝ ես չգիտեի»,- ասաց նա։
Թունյանն առաջարկեց արագ լուծել այս խնդիրը, որի պատճառով մարդիկ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում. «Իրենց էլ ազատենք այդ հոգսից, մեզ էլ»։
Վաղը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2019 թ. մարտի 1-ը թույլատրվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը՝ ղեկը տեղափոխելու պայմանով
- Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն
- Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման երեք տարբերակները՝ ըստ նախարարության
- Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց կարող են այն ներկրել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան
- Աջ ղեկով մեքենաների հարցով ՏԿՏՏ նախարարությունում քննարկում կանցկացվի
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները