«Ռոստելեկոմ»-ը Երևանում իրականացնում է «Азбука Интернета» համակարգչային դասընթացների նոր փուլը
«Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ, փետրվարից մեկնարկել է բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի նոր փուլը։
Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։
Ծրագրի նոր փուլն իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Դասերն անց են կացվում գործընկեր «Այբ» դպրոցի աշակերտների կողմից կամավորության սկզբունքով «Վիքիմեդիա Հայաստան»-ի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում։
Փետրվարին անցկացվել է դասընթացների մեկնարկին նվիրված հանդիպում-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են դասընթացավարների հետ, տեղեկացան մանրամասներին։
«Հատուկ կարևորում ենք այս նախագիծը առաջին հերթին այն պատճառով, որ այն հնարավորություն է ընձեռում 50+ տարիքի մեր բնակչությանը առավել մոտ գտնվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց ռեսուրսներին, առավել անկաշկանդ օգտվելու համակարգիչներից, կատարելու առցանց գնումներ և վճարումներ, ինչու չէ՝ նաև հաղորդակցվելու նոր տեխնոլոգիաների հետ երիտասարդների միջոցով։ Նախագիծը յուրահատուկ մեթոդոլոգիայի շնորհիվ տարբեր սերունդների միջև հաղորդակցության ու կենսափորձի փոխանակման հնարավորություն է, ինչը, կարծում եմ՝ դասընթացների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Արդեն իսկ 51-74 տարեկան մասնակիցների երկու խումբ հաճախում են դասընթացների, որոնք կավարտվեն ապրիլին հավաստագրերի շնորհման արարողությամբ։
«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:
«Համացանցը միավորում է բոլորիս, և կարևոր է, որ այդ միավորումը հավասար հասանելի լինի բոլորին՝ անկախ տարիքից։ Այս նախագծի շնորհիվ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի այդ միավորումը։ Մեծապես կարևորում ենք նաև մեր աշակերտների՝ որպես կամավորների ներգրավումը, քանի որ այն ևս լրացուցիչ խթան է սերունդների շփման ու համագործակցության համար», - նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
Հավաստագրեր կշնորհվեն նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ են ձեռք բերում նախագծի շրջանակներում դասավանդելով։
«Մենք, «Վիքիմեդիա Հայաստան»-ում, անչափ կարևում ենք կրթությունը և համարում, որ երբեք ուշ չէ նոր բան սովորել, նոր հմտություններ յուրացնել։ Անչափ ուրախ ենք այս նախաձեռնության մի մասը լինել և օգնել այն ռեսուրսներով, որ անհրաժեշտ են համակարգչային հմտություններ ձեռքբերելու համար։ Երբ մասնակիցները բավարար հմտանան, կծանոթացնենք Վիքիմեդիա նախագծերին, կսովորեցնենք օգտվել Հայերեն Վիքիպեդիայից, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում»,- նշել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը։
Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ ավելի քան 250 մասնակիցներ Երևանից և մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ և ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հարակից հրապարակումներ`
- Նախատոնական անակնկալ «Ռոստելեկոմ»-ից. ներկայացվել է «Սանտա» նոր առաջարկը
- Ռոստելեկոմ. Հայտնի են Startup Boost Weekend Vol3 նախագծի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
- «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ առցանց բաժանորդագրություն ձևակերպողների համար
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ անցկացվելու է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
- «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի նվերը Վանաձորի մանուկներին՝ ժամանակակից և բարեկարգ խաղահրապարակ