Արմեն Սարգսյան. Հակամարտությունների լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեծ ասված է.
«Ուզում եմ ողջունել տիկին նախագահին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստան կատարած պաշտոնական այցի առթիվ։
Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը:
Մեր համատեղ պատմությունը աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը։
Եւ այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ մասին են վկայում նաև վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արդյունավետ եմ գնահատում իմ վրացի գործընկերոջ՝ տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի։
Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ ու պահպանմամբ։
Քննարկեցինք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը:
Այդուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա:
Քննարկեցինք նաև համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները տրանսպորտային, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Կարևորեցինք նաև ՀարավայինԿովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության և զարգացման ապահովման համար։
Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինենարդյունավետ։
Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել մեր այն համոզմունքը, որ մեր միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խորացնել հայ-վրացական բարեկամական ավանդական հարաբերությունները։
Կրկին՝ ուրախ եմ մեր հանդիպման համար, տիկին նախագահ, և ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցելել Վրաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը. Զուրաբիշվիլի
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Վրաստանի նախագահի գրառումը. «Մեզ սրտամոտ է այս ցավը»
- Վրաստանի նախագահը Հայաստան կժամանի մարտի 13-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին