Նկարչուհիների կտավները՝ «Նուրբ տեսանկյուն»-ում
SarGallery Երևանյան պատկերասրահում արդեն մի քանի օր է բացվել է «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսը։ Կանանց տոներին նվիրված բարեգործական ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում գործունեության ծավալած հայ նկարչուհիների աշխատանքներ։
Պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանը Panorama.am-ին ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ՝ Քնարիկ Հովհաննիսյան, Արմինե Կալենց, Մարիամ Ասլամազյան,. Գայանե Խաչատուրյան, Ժենյա Հարությունյան, Պարուհի Թեփելիկյան, Հայկանուշ Պարոնյան, Սահականուշ Մատինյան, Գոհար Ֆերմանյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Ելենա (Հեղինե) Աբրահամյան,.Քնարիկ Վարդանյան, Վարդիթեր Կարապետյան, -ամանակակիցներից՝ Զառա Մանուչարյան, Աննա Սողոմոնյան, Մարո Սարգսյան, Նաիրա Ահարոնյան , Գոհար Հարությունյան, Արմինե Թումանյան, Արաքս Պողոսյան, Հասմիկ Ավետիսյան, Լիանա Ասատրյան։
«Ներկայացված բոլոր աշխատանքները բնօրինակներն են։ Դրանց մի մասը մեր պատկերասրահի սեփականությունն են, մի մասը տրամադրվել են նկարիչների ընտանիքների կողմից»,- ասաց նա։
Ցուցահանդեսը կրում է բարեգործական բնույթ։ Հասույթից որոշակի մաս ուղղվելու է «Մենք ենք» բարեգործական հիմնադրամին։ Ա. Սահակյանն ասաց, որ հետաքրքրվողներ եղել են, այս պահին խորհրդակցում են։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 7-ը։
SarGallery Երևանյան պատկերասրահը բացվել է մոտ 8 ամիս առաջ Մոսկվայում գործող SarGallery պատկերասրահի հովանու ներքո։
«Պատկերասրահը ստանձնել է «Ազգային արժեքների վերադարձ դեպի երկիր» ծրագրի կատարումը։ Մեզ մոտ ներկայացվելու են դրսի մեր նկարիչների աշխատանքները, հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներն էլ կազմակերպելու ենք դրսում»,- ասաց պատկերասրահի տնօրենը։