Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
«Անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված։ Սա բացարձակ անհեթեթ մեղադրանք է, ոչ մի ընդհանուր բան չունի Քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով, իրենք փորձում են հասկանալ, թե ինչի հիման վրա են կառուցելու մեղադրանքը։
«Գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, որ մենք ցուցմունքները կարդում ենք, տեսնում ենք, որ ամենակողմնակալ ձևով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի հիմնավորման համար։ Մեզ համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է՝ խնդիրն ուղղակի լուծել ուժային ձևով։ Այսինքն, գործն ուղարկել դատարան, հետո դատարանի վրա ճնշել այնքան, մինչև դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին։ Ուրիշ ձև չկա։ Դատարանը չպետք է որ այս մեղադրանքով մեղադրական դատավճիռ կայացնի»,-ասաց նա։
Լրագրողները նշեցին, ըստ մամուլում հրապարակված լուրերի, Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, հարցրեցին՝ կա՞ նման բան գործի նյութերում։
«Չէ, Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել։ Պարոն Սարգսյանը ցուցմունք տվել է գործի առնչությամբ, և այդ ցուցմունքը ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ կկարողանա օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ»,-ասաց նա՝ հերքելով այն լուրերը, որ ինքը հանդիպում է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ասաց՝ ՀՀԿ շենքում եղել է, բայց կուսակցության անդամներից մեկին վերաբերող գործը քննարկելու նպատակով։
Ալումյանի խոսքով, քանի դեռ ծանոթ չէին գործի նյութերին, Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներին թվում էր, որ միգուցե իրենց որոշ բաներ հայտնի չեն, որոշ բաներ թաքցվում են։
«Ինչքան ծանոթանում ենք, տեսնում ենք, որ նման բան չկա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հակասական ցուցմունք է տվել։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը
- ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
- Արա Ղազարյան. Ինչո՞ւ այդ դատավարությունները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանից, և ոչ թե այն անձանցից, որոնք կրակել են
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել