Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու
ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը:
Այսօր գումարված խորհրդարանի արտահերթ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, հայտնեց, որ դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:
«Այս հարցը սկզբունքային է դրված: Մենք ընդամենը փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել և նախկին օրենքի հետ կապված թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: Հետևաբար, դրանից հետո, օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- եզրափակեց նախարարը:
Նա հավելեց, որ կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է շուրջ հազարի։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ լավ օրից չէ, որ մարդիկ աջ ղեկով մեքենաներ են բերում։
«Քննարկվե՞լ է կառավարությունում տարբերակ՝ դրանք ձախակողմյան տեղաբաշխման դարձնելու, տեխնիկապես վերափոխելու, այսինքն այդ մեքենաները պետության օգնությամբ փոխակերպվեին»,-հարցրեց նա։
Արշակյանը պատասխանեց, որ այդպիսի քննարկումներ տեղի են ունեցել, բայց այնուամենայնիվ կան որոշ ավտոմեքենաներ, որոնց մոտ ընդհանրապես ղեկի տեղափոխությունը տեխնիկապես անհնար է, ինչպես նաև ռիսկեր կան։
«Այս պահին իրականում փաստի առաջ կանգնած վարորդներին թույլ ենք տալիս այս կերպ լուծել խնդիրը։ Հետագայում նպատակահարմարության մասին նույնպես կլինեն քննարկումներ»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենց էլ ազատենք այդ հոգսից, մեզ էլ. Բաբկեն Թունյան
- Մինչև 2019 թ. մարտի 1-ը թույլատրվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը՝ ղեկը տեղափոխելու պայմանով
- Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն
- Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման երեք տարբերակները՝ ըստ նախարարության
- Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց կարող են այն ներկրել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան
- Աջ ղեկով մեքենաների հարցով ՏԿՏՏ նախարարությունում քննարկում կանցկացվի