Բրիտանիայի պատգամավորները երկրորդ անգամ մերժեցին Մեյի Բրեքսիթի գործարքը
Բրիտանիայի օրենսդիրները նախօրեին երկրորդ անգամ մերժեցին վարչապետ Թերեզա Մեյի Բրեքսիթի գործարքը՝ 391 դեմ, 242 կողմ ձայներով, չնայած վաչապետը կարողացել էր Բրյուսելի հետ հասնել Իռլանդիայի սահմանի վերաբերյալ համաձայնության։ Պատգամավորներն առաջին անգամ գործարքը մերժել են հունվարի 14-ին։
Ինչպես հայտնում է euronews-ը, քվեարկությունից անմիջապես հետո Մեյը հայտարարել է, որ այժմ պատգամավորները կանգնած են «աննախանձելի ընտրության» առաջ ու նշել, որ ինքը հավատում է, որ իր գործարքը լավագույնն է ու միակ հնարավորը։
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը ցույց է տալիս, որ գործարքը «հստակ մեռած է»։ Քորբինը նշել է, որ լեյբորիստներն իրենց առաջարկները կներկայացնեն, որը ներառում է «բանակցված մաքսային միություն, միասնական շուկայի հասանելիություն ու իրավունքների պաշտպանություն։
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քվեարկությունից հետո հայտարարության մեջ ասել է, որ ցավում են արդյունքի համար։
«ԵՄ-ն իր կողմից արեց ամեն հնարավորը՝ համաձայնության հասնելու համար։ Այս արդյունքը զգալիորեն մեծացրեց «առանց գործարքի» Բրեքսիթի հավանականությունը»,-ասել է Տուսկն ու հիշեցրել Բրիտանիայի օրենսդիրներին Հոդված 50-ի երկարաձգման մասին, քանի որ ԵՄ կառույցների անխափան գործունեությունը պետք է ապահովվի։
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն էլ երկուշաբթի օրը Թերեզա Մեյի հետ 11 ժամ տևած բանակցություններից հետո նամակում նշել է, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը պետք է իրականացվի մինչև Եվրոպական խորհրդարանի ընտրությունները՝ մայիսի 23-26-ը, հակառակ դեպքում Բրիտանիան պարտավոր է լինելու իր երկրում անցկացնել այս ընտրությունները։
Նշենք, որ Բրեքսիթի վերջնաժամկետ էր սահմանված մարտի 29-ը։
Հարակից հրապարակումներ`
- Telegraph. Թերեզա Մեյը զրկվել է ողջ կառավարության աջակցությունից Բրեքսիթի պատճառով
- «Բրեքսիթ». Եվրոպան արձագանքում է Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու գործարքի մերժմանը
- Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին