Սորոս vs Քոչարյան
Հայաստանում Սորոսի դերի բացարձականացումը ակնհայտորեն կարող է առասպելականացնել մեր պրոբլեմների պատճառները եւ կոնկրետ քաղաքական գործիչներից մեղավորությունը գցել հեռու-հեռավոր ինչ-որ դեմոնիզացված կերպարի՝ Սորոսի վրա։ Սորոսականների մասին քննարկումներին պաշտոնական իշխանությունները չէին խառնվում, եւ եթե անգամ նրանք անմասն էին այդ զարգացումներում, նրանց շահն ակնհայտ էր։ Քանի որ մեղավորը Սորոսն է, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ապա մի կրիտիկական պահի վերջինս կարող է գնալ փոքր արնաթողության, պաշտոնանկ անել բոլոր սորոսականներին ու այդ ներքին մինի-հեղաշրջումից հետո հանրությանը կրկին ներկայանա կուսական կերպարով եւ ամեն ինչ փորձել սկսել մաքուր թղթից։
Սա, իհարկե, միայն ենթադրություն է, մինչդեռ հակառակ բեւեռի՝ Քոչարյանի դեմոնիզացիայի մեջ իշխանությունների դերն ակնհայտ է։ Քոչարյանն այժմ գտնվում է բանտում երկու մեղադրանքներով՝ նա մեղադրվում է մարտի 1-ի կազմակերպման եւ կոռուպցիայի մեջ։ Այստեղ կարեւոր սիմվոլիկա կա․ Քոչարյանն այս կերպ սիմվոլիզացնում է Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր հիմնական մեղքերը՝ քաղաքական սպանությունները, կեղծված ընտրություններն ու կոռուպցիան։ Այնպես որ, մեղադրելով ու դատապարտելով Քոչարյանին, մենք կարող ենք նրանից հետո ավելի մաքուր անցյալ պատկերացնել։ Կրկին՝ ինչպես այսօր Սորոսը, երեկվա ամեն ինչի մեղավորն էլ Քոչարյանն է, եւ դատապարտելով նրան, մենք բոլորին ազատում ենք պատասխանատվությունից։ Հենց թեկուզ Քոչարյանի քրեական պրոցեսի այս սիմվոլիզացիայի պատճառով մենք պարտավոր ենք նրան բանտարկել, քանի որ պետք է Հայաստանը ազատենք անցյալի այդ բոլոր մեղքերից, դրանք դնելով Քոչարյանի վրա։
Քանի որ Քոչարյանին դատում են ոչ թե որպես սովորական հանցագործի, այլ սիմվոլի, պրոցեսն էլ գնում է ոչ սովորականի պես։ Հայտարարված է, որ մարտի 1–ի գործը բացահայտված է, արդեն ուղարկված է դատարան, սակայն ակնհայտ է, որ մենք չենք իմանա հանցագործների՝ մարդկանց սպանողների ու վիրավորողների, խանութները թալանողների ու մեքենաները վառողների անունները։ Քոչարյանը դատվում է ամենավերեւից՝ որպես սահմանադրական հեղաշրջում իրականացրած, մարտի 1-ը ներկայացվում է որպես սահմանադրական հեղաշրջում, բայցեւ՝ սահմանափակվում է դրանով։ Բնականաբար, Քոչարյանին են մեղսագրվում նաեւ այդ բոլոր սպանություններն ու մարտիմեկյան մյուս հանցանքները։ Քրեական գործը վարվում է այն մոտարկմամբ, որ հանրության համար կարեւոր չեն այդ հանցագործությունները կատարածները, կարեւորը Քոչարյանին նստացնելն է։ Քոչարյանին դատապարտելու հարցում Նիկոլ Փաշինյանն անգամ լրագրողներին հայտարարեց, որ նրանք են Քոչարյանին մեղավոր նշանակել։
Միաժամանակ, մասնագետների կարծիքով Քոչարյանի գործը տարվում է խիստ հապճեպ, եթե չասենք անփույթ։ Թերեւս, դրա վրա մեծ ազդեցություն ունի նաեւ այն հանգամանքը, որ քննիչների կարծիքով հասարակությունը Քոչարյանին վաղուց դատապարտել է, եւ ուրեմն պետք չէ մտնել իրավական լուրջ հիմնավորումների մեջ։ Ըստ երեւույթին, այդպես էլ չհաջողվեց նրա վրա ցուցմունքներ կորզել Մանվել Գրիգորյանից ու Սամվել Մայրապետյանից, որոնց ծանր հիվանդ վիճակում պահում էին բանտում։ Քոչարյանի գործի հապճեպությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ քաղաքական անհրաժեշտություն կար նրան նստացնել մինչեւ դեկտեմբերյան ընտրությունները, քանի որ դա եւ նոր իշխանությունների կողմից ինչ-որ գործ անելու տպավորություն կստեղծեր, եւ լուրջ ռեյտինգային միավորներ կապահովեր ընտրություններից առաջ։
Շատ յուրօրինակ է նաեւ Քոչարյանին առաջադրված կոռուպցիայի մեղադրանքը․ բնական է, որ հանրապետության գլխավոր կոռուպցիոների վրա ցուցմունք պետք է տար հանրապետության գլխավոր կաշառատուն՝ Սիլվա Համբարձումյանը։ Մինչդեռ, այս գործում Սիվա Համբարձումյանին ներգրավելը նաեւ էապես անլրջացնում է մեղադրանքը՝ ինչպես բոլոր մյուս գործերում, որտեղ առկա է Սիլվա Համբարձումյանի անունը։
Միաժամանակ, Քոչարյանի դեմոնիզացիան անհրաժեշտ է նաեւ հասարակությունը կրկին սեւերի ու սպիտակների բաժանելու համար։ Միջին հայի քաղաքական միտքը, որը պարզունակացել է նաեւ հեղափոխությամբ, շատ լավ ու հեշտ է ընկալում սեւ-սպիտակը։ Եթե դեկտեմբերյան ընտրություններից առաջ բոլոր նրանց, ովքեր չէին մտնում Նիկոլ Փաշինյանի ֆան-ակումբի մեջ կոչում էին հանրապետականներ, հիմա նրանք կոչվում են քոչարյանականներ։ Իսկ այն մարդիկ, ովքեր փոքր-ինչ քննադատական վերաբերմունք ունեն օրվա իշխանությունների նկատմամբ, շատ հաճախ ստիպված են թաքցնել այդ վերաբերմունքը՝ վախենալով, որ կնշավակվեն որպես քոչարյանական։
Իրավաբաններն ասում են, թե շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի քաղաքացիներին հասու ամենաբարձր դատարանը՝ ՄԻԵԴ-ը, կբեկանի Քոչարյանի գործը։ Եւ խնդիրը միայն հապճեպ ու փնթի կազմված լինելու մեջ չէ։ Հայտնի գաղնալսումների թեման ԱԱԾ ղեկավարի խնդրանքով փակված է միայն Հայաստանում, իսկ երբ եվրոդատավորները լսեն Հայաստանի ամենաբարձր ղեկավարների կողմից դատավորներին տրվող ուղղակի ցուցմունքների մասին, տրամաբանական կլինի, որ նրանք հավատ չընծայեն հայկական դատարանների կայացրած մեղադրանքներին։
ՄԻԵԴ-ում արդարացվելու դեպքում դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ կունենք Հայաստանում՝ կլինի երկար ժամանակ բանտում անցկացրած, բայց արդարացված Քոչարյան, ինչը նշանակում է, որ նա կունենա հալածյալի ու քաղբանտարկյալի լուսապսակ, այն դեպքում, երբ հասանելի ամենաբարձր հեղինակության դատարանը հաստատել է նրա անմեղությունը։
Նաեւ՝ կունենանք քաղաքական պայքարի մտնելու տենչացող Քոչարյան, ով ունի դրա համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, պետք է ենթադրել նաեւ՝ քաղաքական ռեսուրսներ։ Սա արդեն չի լինի միֆական, սիմվոլիկ Քոչարյան, այլ ռեալ քաղաքական գործիչ, ով ռեալ վտանգ է սպառնալու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այս դեպքում արդեն օրվա իշխանությունը դրան միֆական Սորոսով չի կարող հակադրվել, պետք է սպասել ռեժիմի լուրջ խստացումների, արտադատարանական լուծումների, եւ ինչու չէ՝ նաեւ բռնությունների։
Աղասի Ենոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան