Վրաստանի նախագահի գրառումը. «Մեզ սրտամոտ է այս ցավը»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Վրաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին տիկին Զուրաբիշվիլին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք անկեղծ ցավակցություն ենք արտահայտում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Մեզ սրտամոտ է այս ցավը և հարգանք ենք մատուցում զոհվածների հիշատակին»:
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը նախագահին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» և Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» գիրքը:
Վրաստանից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տնկեց արծաթափայլ եղևնի:
Վերջին երկու նկարը՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի էջից է։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին ժամանեց
- Երևանում Վրաստանի ու Հայաստանի նախագահները հանդես կգան ասուլիսով
- Վրաստանի նախագահը Հայաստան կժամանի մարտի 13-ին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին