Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
Օպերային հարակից սրճարանների տարածքում լարված իրավիճակ է։ Քաղաքապետարանի որոշմամբ մի կողմից ապամոնտաժում են հարակից սրճարանները, տեղափոխում գույքը, մյուս կողմից սրճարանների սեփականատերերը բողոքում են՝ որոշումը համարում են անօրինական, իրենք մեծ վնասներ են կրում, աշխատատեղեր են կրճատվում։
Օպերայի հարակից տարածքում գործող և այս պահին ապամոնտաժվող «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը պատկան մամիններից պահանջում է թույլ տալ աշխատել գոնե մինչև նոյեմբեր ամիս։
Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենց սրճարանն ամենահեղափոխականն է եղել, հեղափոխության օրերին «Ատմոսֆերայում» եղել են ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ծննդյան օրը նշել է հենց իրենց սրճարանում։
«Շոկոլադնիցա» սրճարանի սեփականատերն էլ նշեց, որ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախատակից։ Նա միաժամանակ շեշտեց, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ։
«Մի փոքր բան են բացում, 50 աշխատակից են ունենում, բոլորը գնում են ծափահարում են։ Բա հիմա 300 աշխատատեղ է փակվելու։ Հիմա արդեն մատակարարներն էլ էն դժգոհում, իրենք էլ են տուժելու»,-ասաց նա։
Սրճարանի սեփականատերը պնդում է, որ նման գործելաոճը մտահոգում է գործարարներին, կա գործող պայմանագիր, սակայն դրանք միակողմանի լուծում են, դա անհանգստացնելու է նաև ներդրողներին։
Դժգոհողները նշում են, քաղաքապետն էլ ապրում է Հյուսիսային պողոտայում, որտեղ մի ծառ չկա։
«Դրան նորմա՞լ են նայում։ Հարցրեք, պարոն քաղաքապետ, ձեր տան դիմաց մի ծառ չկա, թող այնտեղից սկսեն, Հյուսիսային պողոտան կանաչապատեն։ Էնքան կեղտոտ տեղեր կան, թող գնան դրանք մաքրեն, կանաչապատեն։ Նառոդնիյ արտիստ։ Օրենքով գոռում են, բայց ինչ ասես, անում են։ Էդքան դուխ չունի, որ գա մեզ հետ հանդիպման...»,-բղավում են նրանք։
Նշենք, որ տարածք է ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նա նշեց՝ դեմ չեն սրճարաններին, սակայն դրանք չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին։
Նրա խոսքով, «այսօր ապամոնտաժվելու են «Ատլանտիկ»-ը, «Ջազվե»-ն, ինչպես նաև «Մերի» ՍՊԸ-ի մի մասը։ Հաջորդը լինելու է «Մագնոլիա» ՍՊԸ-ն, որը չգիտեմ ոնց ստացել է ինչ-որ տարածքի սեփականություն, զարմանալի է, ո՞նց կարելի է օպերայի մոտ թույլ տալ նման բան»։
Կենտրոնի ղեկավարը համարում է, որ սրճարաններց հնչող երաժշտությունը, գեղագիտական արժեքը չեն համապատասխանում երևանցիների պատկերացումներին։
Այս պահին տարածք են ժամանել ոստիկաններ։ Աշխատակիցներից մեկը սպառնաց՝ բենզին են լցնելու, ամբողջն այրելու են։
Սեփականատերերից մեկն էլ պնդում է, իրենց տարածքի փոխարեն որևէ այլ բան չեն առաջարկել։
«Ֆինանսական մեծ վնասի մասին է խոսքը։ Երկու տարի առաջ ենք կապիտալ վերանորոգել։ Կարելի էր մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ չորս տարվա ընթացքում այլ տարածքներ կանաչապատել, հետո հասնեին մեզ։ Էսքանից հետո է՞լ ոնց ներդրում անես Հայաստանում, բա որ մի օր քաղաքապետն արթնանա ու որոշի էդ սարքած գործարանը պետք է ապամոնտաժել։ Քաղաքապետը ըսկի չի բարեհաճում մեր նամակին արձագանքել, ուր մնաց թե հանդիպի մեզ»,-ասաց նա։