Սլավիկը պետք է ոսկե մեդալ նվաճեր. Արմեն Բաբալարյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Սլավիկ Գալստյանը նվաճեց արծաթե մեդալ, բայց նա, բնականաբար, պետք է հաղթեր: Ինչու եմ ասում՝ պետք է հաղթեր, քանի որ նա վրացի ըմբիշին աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Երևի, նրա միակ թերությունը հոգեբանական էր: Կարծում եմ՝ նա շտապեց, քանի որ ցանկանում էր ավելի շուտ հաղթել ու ավելի բարձր միավորներով: Նա հաղթում էր 8:4 հաշվով, սակայն վերջին րոպեի ընթացքում մի քիչ թուլություն ցուցադրեց և պարտվեց վրացի ըմբիշին:
Մրցավարների մասին կասեմ, որ նորմալ մրցավարություն էր՝ առանց կողմնապահության: Կարելի է ասել, որ մեր տղաներն են մեղավոր իրենց պարտություններում: Մարզչական շտաբի կողմից նկատվեց մարզիկների թերությունները և առավելությունները: Հասկանալի դարձավ, թե մրցաշարերից առաջ մարզիկների հետ ինչ անհատական աշխատանքներ պետք է կատարվի՝ մեծահասակների մակարդակ տեղափոխվելու համար:
Մեր մարզիչների գիտելիքներն այնքան բարձր մակարդակի վրա են, որ կշարունակենք աշխատել հաջորդ մրցաշրջաններում մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- իր խոսքում նշել է Արմեն Բաբալարյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ23 առաջնությունում, որին մասնակցել է 5 ըմբիշով:
Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան