Սայաթ-Նովայով, Խաչատրյանով, Փարաջանովով, Ազնավուրով և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը. Զուրաբիշվիլի
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է.
«Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում:
Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և հազարամյակների պատմություն ունեն։
Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, և այդ օրինակները բազմաթիվ են:
Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ:
Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաև ցույց կտա, որ մենք բարի և բարեկամական ապագա ունենք»:
Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաև Թբիլիսիում, և դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երևանում ու Հայաստանում է, այլև` Թբիլիսիում ու Վրաստանում:
Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի և վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաև նրա հետևյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»:
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք: Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում և մեր երկու ժողովուրդների միջև»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարով և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը:
Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:
Հարակից հրապարակումներ`
- Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը. ՀՀ նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին
- Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը. Զուրաբիշվիլի
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին