ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը, որում ներկայացվում է ՀՀ կառավարման համակարգը, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են հիմնարար ազատությունների ու հանրային լայն վստահության պայմաններում ու պետք է ամրապնդվեն հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։
Նշվում է, որ մարդու իրավունքների խնդիրները ներառում էին խոշտանգում, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանք ու կալանավորում, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություն, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտություն, քաղաքական մասնակցության սահմանափակումներ, համակարգային պետական կոռուպցիա, ԼԳԲՏԻ անձանց ուղղված բռնություն կամ սպառնալիքներ, անմարդկային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր:
Նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու ու պատժելու չարաշահումները, հատկապես կառավարական և իրավապահ մարմինների բարձր մակարդակներում: Միայն հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրեց որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2008 թ. հետընտրական բախումներում նրանց ունեցած ենթադրյալ դերակատարման կապակցությամբ, երբ սպանվեց 8 քաղաքացի և 2 ոստիկան:
Զեկույցը կազմված է 7 բաժիններից՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմոնքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կոմղից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։
Նշվում է, որ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը անհապաղ և ճշգրիտ չի հայտնում բանակում մահվան դեպքերի մասին ու ասվում է, որ ըստ Վանաձորի Հելսինկիի գրասենյակի բանակում առաջին կիսամյակում ոչ մարտական պայմաններում մահերը եղել են 24, իսկ ՊՆ տեղեկություններով՝ 31։
Զեկույցում ասվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության սահմանման հարցում։ Քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգումների, կաշառք տալու, պաշտոնական կեղծիքների և 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետաքննության հետ կապված ապացույցների կեղծման մեղադրանքով: Այս գործերով որպես կասկածյալներ նշվում է նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Զեկույցում գրված է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին` քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, նշվում է, որ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց նախնական կալանքից, սակայն վճռաբեկ դատարանի որոշումից հետո նա կրկին կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Գործերի քննությունը շարունակվում է:
Ասվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն իր զեկույցում, անդրադառնալով մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը, ողջունում է Հայաստանի ձեռնարկած քայլերը` քրեական պատասխանատվություն սահմանումը 2008թ. մարտին գործողությունների ընթացքում զոհերի համար, սակայն ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:
Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Նշենք, որ զեկույցի այս հատվածը նույնությամբ առկա է նաև 2017թ.-ի զեկույցում։
Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:
Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։
Արտահայտման ազատություն՝ ներառյալ մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։
Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում՝ առանց ձերբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ չնայած նա որևէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն, հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա:
Նշվում է, որ ըստ որոշ դիտորդների, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել պրոիշխանական տեսակետն անգամ «թավշյա հեղափոխությունից» հետո՝ փոխատեղելով մեկ կառավարության դիրքորոշումը մյուսով։ Սոցիալական մեդիայում մարդիկ ազատ են իրենց կարծիքներում նոր ու նախկին իշխանությունների վերաբերյալ արտահայտած կարծիքներում։ Ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվներն ու մեդիան մանիպուլացնելու փորձերը, սակայն, «թավշյա հեղափոխությունից» հետո կտրուկ աճել է։ Երկրում անկախ լրատվամիջոցները քիչ են, դրանք ինքնաբավ չեն ու գոյատևում են միջազգային նվիրատվությունների միջոցով։ Մեդիաների սեփականության հետ կապված հարցերը հիմնականում թափանցիկ չեն։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան