Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին
Եվրամիությունը պետք է պաշտոնապես դադարեցնի դաշինքին Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների սառեցման այս բանաձևին նախօրեին կողմ են քվեարկել Եվրոպական խորհրդարանի 370 պատգամավոր, դեմ 109, 143-ն էլ ձեռնպահ են եղել։
Ինչպես տեղեկանում ենք euronews-ից, նշվում է, որ Թուրքիան տարիներ շարունակ հեռանում է քաղաքական ու ժողովրդավարական արժեքներից, ԵԽ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, լրատվամիջոցների ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի վատ վիճակով, ինչպես նաև հզոր նախագահական համակարգով:
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամիության անդամ երկրների կառավարությունները:
Պատգամավոր Քեթի Պիրին Էրդողանին մեղադրել է իր քննադատների նկատմամբ «վհուկների որս» իրականացնելու մեջ, ինչը ԵՄ-ն համարում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշում, անկախ դատական համակարգի փլուզում և ավտորիտարիզմի նկատմամբ շրջադարձ, որոնք անհամատեղելի են դաշինքի ժողովրդավարության և խոսքի ազատության հետ:
Անկարան այս քվեարկությունն անիմաստ է որակել: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն այն անվանել է «անարժեք, անվավեր ու անպատշաճ»:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ակնկալում էր, որ ԵԽ-ն օբյեկտիվ որոշումներ կկայացնի ու կառուցողական դիրքորոշում կհայտնի՝ նպաստելով Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին:
Խորհրդարանն այս բանաձևն ընդունեց Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպումից 2 օր առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան