ԱՄՆ-ում 5Օ անձ մեղադրվում է հարուստների երեխաների ուսման համար կաշառք վերցնելու մեջ
ԱՄՆ-ում 5Օ անձանց դեմ հարուցվել են մեղադրանքներ, որոնք հարուստ ընտանիքների երեխաների համար ապահովել են մուտք ամենահայտնի համալսարաններ, այդ գործի համար վերցնելով մեծ կաշառք, կեղծել ընդունելության քննությունների արդյունքը։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Ձայնը կայքից։
Ինչպես դատախազ Էնդրու Լելինգն է ասում, կաշառակերության մեղադրանք է ներկայացվել Եյլի ու Վաշինգտոնում գտնվող Ջորջթաունի համալսարանի 9 մարզիչների դեմ, որոնք կեղծել են դիմորդների մարմնական տվյալների մասին փաստերը։ 33 ծնողներ մեղադրվում են կաշառատվության մեջ։ Նրանց շարքում են Հոլիվուդի դերասանուհի Ֆելիսիթի Հուֆմանը և Լորի Լաֆլինը։
Դատախազ Լելինգի խոսքերով, այս ծնողները հարստության և արտոնությունների օրինակներ են։ Նրանց շարքերում են խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններ, ապահովագրական ընկերությունների ու անշարժ գույքի առ ու վաճառքի ընկերությունների խոշոր սեփականատերեր, հայտնի դերասանուհիներ, նորաձևության հայտնի դիզայներ, միջազգային խոշոր ընկերության համանախագահ։
Ծնողները այդ ցանցի անդամներից Ուիլյամ Ռիք Սինգերին վճարել են 1ՕՕ հազարից մինչև 6.5 միլիոն դոլար կաշառք՝ ապահովելու համար իրենց երեխաների ընդունելությունը։ 2ՕՕ1-ից 2Օ18 թվականների ընթացքում նա ընդհանուր առմամբ ստացել է 25 միլիոն դոլարի կաշառք։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից Ջո Բոնավոլոնթան, որը ղեկավարել է այս հանցագործությունների շարքը բացահայտելու գործողությունները, ասում է, որ հետաքննությունն իրենք սկսել են մայիս ամսին, երբ լայնածավալ կեղծիքներ են բացահայտել այս ոլորտում՝ լիովին այլ գործի հետաքննության ժամանակ։
Ինչպես իրավապահ մարմիններն են հիշեցնում, ԱՄՆ-ում հարուստներին չի տրվում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթություն։ Չկան նաև արդարադատության ասպարեզում նրանց համար նախատեսված արտոնություններ։