Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
15։50
ԲՀԿ-ական պատգամավորների այցից հետո այս պահին հանգիստ իրավիճակ է։ Ազատության հրապարակը բազմամարդ է։
14։30
Սրճարանների աշխատակիցները բենզին են լցնում սրճարանների վրա՝ հրդեհելու նպատակով։ Տեղում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները։
14։00
Սրճարանների տարածքում իրավիճակը լարված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները մտել և նստել այն հատվածում, որտեղ այս պահին սրճարանի ծածկի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։
«Վտանգավոր է, դուրս եկեք, շուռ կտաք» բղավոցներն անպատասխան են մնում։
13։25
Դեպքի վայր ժամանած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից լրագրողները հարցրեցին, Օպերայի հարակից տարածքը չի սահմանափակվում 2-3 սրճարանով, որի ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում քաղաքապետարանը։ Նրանք հետաքրքրվեցին՝ ի՞նչ տրամաբանությամբ է ընդունվել որոշումը։«Եթե նկատել եք, այդ հատվածը բաժանված է երկու մասի։ Մյուս մասին մենք հնարավորություն ենք տալիս շարունակել։ Իսկ մյուս հատվածը, որը մոտ է գտնվում Օպերայի շենքին ու Ազատության հրապարակին, ապամոնտաժում ենք»,-ասաց Մնացականյանը։Նրա խոսքով, քաղաքապետը երեկ Վրաստանի նախագահի հետ հանդիպումներին է եղել, այսօր առավոտյան քննարկել են խնդիրը, հասկացել են, որ չեն կարող ընդունել սեփականատերերի առաջարկները։ «Ես պնդում եմ, որ այստեղ բոլորը գերշահույթ հետպանդող կազմակերպություններ են, որևէ մեկը ընտանիք պահելու խնդիր չունի։ Մենք ընդամենը զբոսայգու կանաչապատման ենթակա մասն ազատում ենք։ Մենք չենք թողելու, որ Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ»,-ասաց նա։
13։00
Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մաշտոցի պողոտայում երթևեկությունը կանգնած է, ցուցարարները նստած են փողոցի մեջտեղում։ Ոստիկաններից բացի այստեղ հերթապահում են շտապ օգնության ծառայության աշխատակիցները։Ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջև բուռն վիճաբանություններ են, երբեմն-երբեմն հրմշտոց ու քաշքշուկ։ «Ամոթ, ամոթ, թողեք աշխատենք» վանկարկում են ցուցարարները։
12։19
Օպերայի հարակից սրճարանների քանդման աշխատանքների պատճառով լարված իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ պահանջում են հանդիպում քաղաքաքապետ Հայկ Մարությանի հետ։
Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցներն ի նշան բողոքի փակեցին Մաշտոցի պողոտան, ինչից հետո ոստիկանները հարձակվեցին ու բռնի ուժով փորձեցին հեռացնել նրանց։
Քաշքշոցի հետևանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Բողոքի ակցիայի մասնակիցներին փողոցից դուրս բերել չհաջողվեց, նրանք նստել են փողոցում, փակել երթևեկությունը։
«Մարդկանց զրկում են հանապազօրյա հացից, ինչ է կանաչապատում իրականացնեն։ Թող գնան Կոմայգին կանաչապատեն։ Բոլոր աշխատակիցները վարկեր ունեն։ Ոստիկանները աղջկաս գցել են գետնին, տեսեք քերծվածքները, ձեռքերը լրիվ արյունոտ են»,-բղավում էր ակցիայի մասնակից կանանցից մեկը։