«Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ՍՊԸ-ն գույքը պետությանը նվիրատվություն կատարելու ցանկություն է հայտնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ գույք հանձնելու վերաբերյալ այլ ցանկություն հայտնողներ դեռ չեն եղել: «Իսկ՝ եթե կլինեն գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, եթե դրանք բացահայտվում են, ուղարկվում են իրավապահներին և քննություն է իրականացվում», -նշեց կոմիտեի նախագահը:
Նարեկ Բաբայանը նաև ասաց, որ պետությունը դեռ չի ընդունել հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, քանի որ որոշակի ռիսկեր կան։
«Մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետևաբար՝ դրա մասին դուք անպայման իմանալու եք: Իսկ ռիսկերը հետևյալն են՝ «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի բալանսում, բացի Ծաղկաձորի գույքից, կան շատ այլ գույքեր, այդ թվում՝ Երևանում, և օրենքով նվիրատվություն կատարելուց հետո 3 տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը: Եթե ուզում ենք, որ այդ ռիսկը չլինի, մենք առաջարկել ենք, որ գործընթացը թեկուզ մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այդ հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա տրվել պետությանը», - ընդգծեց Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Հարակից հրապարակումներ`
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին