Հատուկ տեխնիկա պիտի բերենք. Վիկտոր Մնացականյան
19:00
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցին, սակայն ևս մի քանի օրվա աշխատանքներ դեռ կան:
«Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով: Մեր համար կարևոր են նաև ծառերը: Հատուկ տեխնիկա պիտի բերենք, որ այդ ծառերն ազատագրենք, հետո նոր մնացածը շարունակենք», - նշեց վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ դրա համար իրենցից կպահանջվի մոտ 10 օր:
18։27
Էքսկավատորը քանդում է «Ջազվե» սրճարանը։ Ոստիկանները շարունակում են քաղաքացիներին ոստիկանության բաժիններ տեղափոխել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին հնչեցնում են վիրավորանքներ։
17։28
Ազատության հրապարակում հավաքվել են քաղաքացիներ, որոնք սատարում են ապամոնտաժման աշխատանքները։
«Քանդեք, քանդեք, Վիկտոր, Վիկտոր» բղավում են նրանք։
17։06
Ակցիայի մասնակիցները պահանջում ենք քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում։
«Թող գա նայի աչքներիս մեջ։ Նստում է, ասում է՝ գնացեք մարդկանց տները քանդեք։ Մենք մեր տունը սրանով ենք պահում։ Թող գա քաղաքապետը նայի բոլորիս աչքերիս մեջ ու ասի՝ մենք ըստեղ խոտ ենք տնկելու, վաղը խոտը կուտեք, կկշտանաք։ Թող տարածք հատկացնեն, մենք էլ գումար տրամադրենք, տանենք՝ կանաչապատենք։ Մենք թույլտվության հիման վրա ենք բիզնես պլան կազմել, վարկեր վերցրել»։
«Ատմոսֆերա» սրճարանի սեփականատերեր Էլիզաբեթ Ղազարյանն էլ հայտարարեց. «Մենք պահանջում ենք, որ քաղաքապետը գա մեզ հետ հանդիպման։ Մենք իրեն ենք ընտրել, թաղապետը նշանակովի է։ Մի խաչմերուկ ներքև է ապրում, եթե նրա համար դժվար է, մենք կիջնենք, իր տան մոտ գնանք։ Մեզ երեկ հասցրել ենք քաղաքապետարան, քաղաքապետը չի եկել։
Մենք ընդամենը պահանջում ենք քաղաքապետին։ Ասենք, Հայկո ջան, ինչի համար ես էս անում։ Մենք ուզել ենք ընդամենը մի սեզոն աշխատենք, նոյեմբերին ինքներս քանդենք, կանաչապատենք, հանձնենք քաղաքին։ Ապամանոտաժած նյութն էլ տանք անապահով ընտանիքներին։ Դրանից ավել էլ ի՞նչ եք ուզում։ Այստեղ կանգնածների 80-90 տոկոսը նեղություն է տվել, տնից դուրս է եկել, գնացել է իրեն ընտրել։ Հիմա մենք պահանջում ենք, ուզում ենք տեսնենք միայն քաղաքապետին»։
Նա նշեց, որ իր ամուսնուն ու հորը տարել են ոստիկանություն, դեռ ազատ չեն թողել։
«Ես էլ ունեմ վնասվածքներ, իմ վրա թքել է ոստիկանը, նույն դեմքով են, չեմ տարբերում որ մեկն է»,-ասաց նա։
16։46
Ոստիկանները քաշքշեցին, գետնին գցեցին «Շոկոլադնիցա» սրճարանի տնօրեն Արսեն Մանուկյանին։ Ոստիկաններից մեկի ինքազգացողությունը վատացավ։ Նրան նստարանի վրա պառկեցրեցին, ապա տեղափոխեցին սրճարանի տարածք։ Նրան առաջին օգնություն են փորձում ցուցաբերել ոստիկաններն ու քաղաքացիները։
16։40
Ազատության հրապարակում քաղաքացիների, ոստիկանների թիվը գնալով ավելանում է։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում հարաբերական անդորրն ավարտվեց։ Այս պահին էլ ոստիկանների ու որպես սրճարանների սեփականատերեր, աշխատակիցներ ներկայացած քաղաքացիների միջև քաշքուկ է, հրմշտոց։
«Ամոթ ոստիկան, ամոթ ոստիկան» բղավում են ակցիայի մասնակիցները։ Ոստիկաններն էլ շղթա են կազմել, բռնի ուժ են կիրառում ապամոնտաժման աշխատանքներին խանգարել փորձող քաղաքացիներին։ Ամենուր բղավոցներ են, լաց-կոծ, բացականչություններ։
Ոստիկանները մի քանի քաղաքացիների տարան տարբեր ուղղություններով։
Բողոքի ակցիայի մասանկիցները կոչ արեցին՝ սադրանքներից զգուշանալ։
Հարակից հրապարակումներ`
- «Շոկոլադնիցա»-ի տնօրեն. 12 աշխատողի մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է
- «Սարքում են շոու». բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում