Բողոքի ակցիա. Վարչապետն ամեն օր ասում է՝ ժողովրդի կառավարությունն ենք, հիմա թող գա ու լսի ժողովրդին
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանց բողոքն ուղղված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։
Նշենք, որ փոփոխությունների համաձայն, 60 անգամ, մոտ 6000 %-ով նախատեսվում է ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000, իսկ տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ պետական տուրք: Առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 մլն տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն:
Գրավատների սեփականատերերի խոսքով՝ հարկային նման բեռի պայմաններում գրավատները կփակվեն, որի արդյունքում, ավելի քան 1 300 աշխատակից կմնա առանց աշխատանք: Նրանց խոսքով՝ այս ամենի արդյունքում հիմնականում շահելու են խոշոր և միջին բանկերը:
«Ով է տեսել 60 անգամ պետական տուրք բարձրացնել, դա անտրամաբանական է, կարծում ենք, որ կառավարությունն էլ երևի չի պատկերացնում, թե ինչ են անում: Բանկերի պետտուրքը ավելացրել են 2,5 անգամ, իսկ մերը՝ 60 անգամ, մի հատ հաշվարկ արեք էլի: Ոնց կարելի է նման անպատասխանատու քայլի գնալ: Տրամաբանությունը որն է, որ արտարժույթի փոխանակման կետերի համար տարեկան պետտուրքը 50 հազար դրամից դառնում է 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ: Լավագույն դեպքում փոխանակման կետերի տուրքը պետք է բարձրանար 0,5 տոկոսով»,- ասացին աշխատակիցները:
«Առաջին անգամ մեր սրտով ընտրություն արեցինք, իշխանություն փոխվեց, խորհրդարան ընտրվեց, բայց սա էինք ուզո՞ւմ: Վարչապետն ամեն օր ասում է՝ մենք ժողովրդի կառավարությունն ենք, դե հիմա թող գա ու լսի էդ ժողովրդին, հասկանա, թե ինչ են մարդիկ ուզում: Իսկ մեր ուզածը մեծ բան չէ, ընդամենն ուզում ենք հասկանալ, թե ոնց են այդ հաշվարկներն արել: Ինչու պետք է փոխանակման կետը, որն իրականացնում է ընդամենը մեկ գործառույթ, 3 մլն-ի տուրք վճարի, իսկ վարկային կազմակերպությունները 15-20 գործառույթի համար՝ 7 մլն դրամ»,- նշեցին փոխանակման կետերի աշխատակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան