ՀԲ նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ
«Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը»,- այս մասին նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Արթուր Ջավադյանն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին, շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են:
Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը: Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:
Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը նույնպես բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ և ՀԲ երկարատև արդյունավետ գործընկերության փաստը: Նա փոխանցել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին: