Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Դավիթը՝ սպորտային մեկնաբան
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բուժում ստացող 22-ամյա Դավիթ Սարգսյանի սպորտային մեկնաբան դառնալու երազանքն արդեն իրականություն է: Այսօր նա մեկնաբանում է Հայաստանի առաջնության հանդիպումներից մեկը՝ Գանձասար-Կապան- Շիրակ խաղը:
Այս լուրով ֆեյսբուքյան իրենց էջում կիսվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Վերջինս գրել է. «Դավիթն այսօր կմեկնաբանի Հայաստանի առաջնության հանդիպումներից մեկը։ Վստահ եմ, հաջողություն ես գրանցելու և ապագայում փայլուն մեկնաբանելու ես մեր հավաքականի խաղերը»:
Ռեկտորը նշել է, որ Դավիթի երազանքներից մեկը ֆուտբոլային խաղ մեկնաբանելն էր:
Panorama.am-ին ԵՊԲՀ-ից հայտնեցին, որ Դավիթը հաճախել է սպորտային մեկնաբանի պատրաստման դասընթացների:
Դավիթը սովորում է Երևանի պետական համալսարանում, ընտրել է պատմաբանի մասնագիտությունը: Վերականգնողական կենտրոնում Դավիթը ուսումնասիրել է օտար լեզուներ: Նա աշխատել է ԱԻՆ 911 ծառայությունում, այժմ էլ աշխատում է կրթական հիմնադրամներից մեկում:
Նշենք, որ Դավիթը վիրավորվել է 2015 թվականին, դիրքերից իջնելիս անզգուշությամբ վայր է ընկել բարձրությունից և ստացել ողնուղեղի սալջարդ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։
Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թ-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելելուց հետո պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին կոչ էր արել իրենց մոտ աշխատանքի ընդունել զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Հարակից հրապարակումներ`
- Համարձակ եղեք և չընկճվեք ոչ մի պարագայում. Գոռ Դարմանյան
- Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում
- Ցավալի է՝ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին