Օպերան մեր առաջնահերթությունն է, կանդրադառնանք նաև մյուս զբոսայգիների սրճարաններին. Վիկտոր Մնացականյան
«Կտեսնեք, թե Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից զբոսայգին ամառը ինչ ֆանտաստիկ տեղ է լինելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը հետևում էր Օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։
Նա նշեց, որ Օպերան իրենց առաջնահերթությունն է, այդ պատճառով են հենց այդ տարածքից սկսել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նրա խոսքով՝ ըստ հատակագծի այդ սրճարանների տեղը պետք է զբոսայգի լինի:
Վիկտոր Մնացականյանը միաժամանակ ասաց, որ Օպերային հարակից տարածքում ոչ բոլոր սրճարանները կապամոնտաժվեն. «Պարսպից ներս մնալու են սրճարանները: Մենք ընդունում ենք, որ սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց կան գոտիներ, օրինակ՝ Կասկադի, Սարյանի, որտեղ կարող են սրճարաններ լինել: Մենք դեմ չենք, որ Կասկադում սրճարաններ լինեն, որովհետև Կասկադը զբոսայգի չէ»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կասկադի սրճարանատերերը աշխատանք են առաջարկել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներին, և 12 մարդ արդեն աշխատանքի է անցել այդ սրճարաններում: Վիկտոր Մնացականյանը համոզված է, որ նրանց թիվը կավելանա:
Կենտրոնի թաղապետը նշեց, որ Երևանի զբոսայգիներում բետոնի առկայությունը ժամանակավոր բնույթ է կրում: Նա նաև ասաց, որ մայրաքաղաքում այսօր կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն գործում, օրինակ, Օղակաձև զբոսայգում կա սրճարան, որ 3-4 տարի առաջ բետոն են արել ու այդպես թողել։
Այպիսով, ըստ Վիկտոր Մնացականյանի, կգա ժամանակ և կանդրադառնան նաև այլ զբոսայգիներում առկա սրճարաններին, բայց միայն օրենքի սահմաններում: «Ժամանակ կտանք, Երևանում նոր գոտիներ կստեղծվեն և մարդկանց հնարավորություն կտանք դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները, բայց ոչ զբոսայգիների հաշվին: Եթե այդ սրճարանները չեն գտնվում Ազատության, Հանրապետության հրապարակների ժամանակ կտանք, կբանակցենք նրանց հետ»,- ընդգծեց նա:
Նշենք նաև, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ապամոնտաժվող սրճարաններում աշխատողների թվին: Նա նշեց, որ սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է:
«Ըստ մեր տվյալների` այստեղ աշխատում է ամենաշատը երկու-երեք տասնյակ գրանցված քաղաքացի: Կամ սրճարանների նախկին վարձակալները իրենց ընդվզումը հիմնավորելու համար են այդ թիվը հնչեցնում, կամ այստեղ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու այսօր ընդվզում չկա, արդյոք պայմանավորվածություն է ձեռք բերվել, Հակոբ Կարապետյանը բացասական պատասխան տվեց։
«Իհարկե որևէ պայմանավորվածություն չի եղել, բնականաբար, ստվերային պայմանավորվածություններ չեն լինում»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ընդվզում հավանաբար չկա, քանի որ հանրությունը համոզվում է՝ գործընթացը ոչ միայն օրինական է, այլև բխում է հանրության շահերից։
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է
- «Ջազզվե».Կոչ ենք անում դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել իրավական հարթություն
- Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից
- Հատուկ տեխնիկա պիտի բերենք. Վիկտոր Մնացականյան
- Քաղաքապետարան. Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու է
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- «Շոկոլադնիցա»-ի տնօրեն. 12 աշխատողի մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է
- «Սարքում են շոու». բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում