Աշխարհի 100 երկրների դպրոցականներ երթ են անցկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրների դպրոցականներ դուրս են գալու իրենց դասասենյակներից՝ պահանջելու, որ աշխարհի առաջնորդները քայլեր ձեռնարկեն՝ կանգնեցնելու կլիմայի փոփոխությունները։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
Նախօրեին՝ մարտի 14-ին, 16-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թանբերգը, որը Շվեդիայի խորհրդարանի դիմաց նախաձեռնել էր «Ուրբաթներն ապագայի համար» բողոքի ակցիան, առաջադրվել է Նոբելյան մրցանակի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում իր ակտիվության համար։
Գրետայի նախաձեռնությունը ձնագնդիի էֆֆեկտ ունեցավ ու գրեթե ողջ աշխարհի աշակերտները միացան նրան։ Սա լինելու է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ամենազանգվածային ակցիան, որին միացել է Եվրոպան, Ավստրալիան, Ասիան, Աֆրիկան ու ԱՄՆ-ը։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կնքվեց Փարիզի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնագիրը (ֆր.՝ Accord de Paris sur le climat), որը նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում։ Փարիզյան համաձայնագիրը վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ 96 պետությունների, այդ թվում և Հայաստանի կողմից։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ․-ի հունիսի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից՝ այն համարելով խոչընդոտ ԱՄՆ տնտեսության զարգացման համար։