Աջափնյակի թաղապետին «անթասիբ» որակած տեղակալը ոստիկանություն չի դիմել
Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում իրար հաջորդող սկանդալային գրառումներ էր կատարել։
Առաջին գրառման մեջ հայտարարել էր՝ երկուշաբթի աշխատանքից ազատման դիմում է գրելու, պատճառն էլ ղեկավարի՝ Գևորգ Բաբայանի մարդկային որակներն են։
Հաջորդ գրառումով, ինչպես սպասվում էր, արդարացել էր, մասնավորապես հայտարարել, որ հեռախոսն են գողացել։ Ենթադրվում է, որ գողերն են նման գրառում արել։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում Արամ Մանուկյանի կողմից հեռախոսը գողանալու վերաբերյալ ահազանգ, դիմում չեն ստացել։
Հնարավո՞ր է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի երկրորդ գրառումը դիտվի որպես հաղորդում հացագործության մասին։ Հարցին ի պատասխան ոստիկանությունից ընդգծեցին՝ ոստիկանություն չեն դիմել, չեն հայտնել, թե ի՞նչ պայմաններում, որտե՞ղ են գողացել։
Հիշեցնենք, որ հեռախոս գողանալուց բացի պատասխանատվություն է սահմանված նաև գրառման համար, եթե իհարկե, ապացուցվի, որ առանց թաղապետի տեղակալի իմացության այլոք են դա կատարել։
Քրեական օրենսգրքի 252 հոդվածը վերաբերում է համակարգչային տեղեկատվությունը փոփոխելուն, յուրաքանչյուր դեպքի համար սահմանվում է պատիժ, մասնավորապես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. նոյեմբերի 7-ից նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան