Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է
Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում:
Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա):
Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ:
Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին