Որևէ պաշտոնի հավակնություն չունեմ, հանգիստ նստեք տեղներդ. Ամիրյան
«Բացարձակ անհեթեթություն է, քանի որ իմ ամբողջ կյանքը և աշխատանքային գործունեությունը ընթացել է մեր հասարակության, ժողովրդի աչքի առջև»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե իբր ինքն արտագաղթել է ԱՄՆ։
«Ինչ վերաբերում է այսօր ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա կամ Մերձավոր Արևելք իմ մեկնելու ձեր իբր «արտագաղթելու» ենթադրությանը, պետք է տեղեկացնեմ, որ ես ազատ մարդ եմ և յուրաքանչյուր ամիս մեկնում եմ արտասահման՝ մեր ընկերության գործերով և անձնական ծրագրերով։ Ձեր տրամաբանությամբ յուրաքանչյուր ամիս պետք է գրեք, որ Ամիրյանը արտագաղթեց Ռուսաստան, հաջորդ ամիս ներգաղթեց, ապա արտագաղթեց ԱՄՆ, հաջորդ ամիս ներգաղթեց…
Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել, որ հիշյալ լրատվամիջոցները մեր հասարակության մի հատվածի գրգռված տրամադրությունը էլ ավելի բորբոքելու, կեղծ օգտատերերի անուններից լկտի մեկնաբանություններ գրելու և սեփական կամ 3-րդ անձանց վրեժխնդրության գործառույթ են իրականացնում։
Ես հասկանում եմ, որ առաջիկայում որոշ պաշտոնների ընտրության հարց կա, և դա ձեզ խիստ նյարդայնացնում է։
Միանգամից ասեմ, որ որևէ պաշտոնի (ընտրովի կամ նշանակովի) հավակնություն չունեմ։
Եվ վերջում, հիշյալ լրատվամիջոցների ղեկավարների և մյուս ոգևորվածների համար կրկնում եմ վերջերս նորաձև դարձած և այս թեմային շատ համապատասխան խոսքը. «Հանգիստ նստե՛ք տեղներդ»…»։