ԲՀԿ. Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Նրանք առաջարկում են, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ:
«Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն՝ ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:
Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:
Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ»,-մանրամասնել է խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ այս առումով էլ խնդիր կա և դա պայմանագրային զինծառայողների ցածր աշխատավարձն է։
«120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»,-նշել է ԲՀԿ-ական պատգամավորը։