Բնապահպան. Երևանը պետք է ազատել այս ագրեսիվ ու քաղցկեղածին վիճակից
Բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ողջունում է Երևանի քաղաքապետարանի կողմից կանաչապատմանն ուղղված գործողություններն ու քայլերը։ Ասում է՝ պատրաստ է մասնագիտական ու այլ աջակցություն ցուցաբերել քաղաքային իշխանությանը, քանի որ Երևանում կանաչ տաածքների առումով շատ վատ ու ագրեսիվ իրավիճակ է։
«Երևանում քաղցկեղի, ալերգիկ հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվում։ Դա պատահական չէ։ Կարծում եմ, որ վերջապես պետք է ազատվել այդ ագրեսիվ իրավիճակից, որն ունենք հիմա Երևանում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ինգա Զարաֆյանն ընդգծում է, որ կանաչապատման հետ կապված խնդիրներն առացել են 1990-ականներից սկսած, երբ վերացվեցին կանաչ գոտիները, դրանց վրա անօրինական կառույցներ հայտնվեցին, ապա օրինականացվեցին։
Բնապահպանի խոսքով, Երևանը կանաչապետելիս քաղաքապետարանը պետք է ունենա շատ լուրջ ծրագիր, պետք է կանաչ գոտիներ ստեղծվեն Երևանի շուրջ, ինչպես Նորքի, Դալմայի այգիներն էին, պետք է վերականգնվեն անտառային պուրակները։
«Երևանում չկան անտառները, անտառային պուրակները, ոչնչացված են այգիներն ու զբոսայգիները, հիմա էլ սկսել են ոչնչացնել մեր բակերը, որտեղ ծառեր կան։ Հիմա մենք պայքարում ենք ամեն մի ծառի համար։ Պետք էր մի կետից սկսել։ Մենք ողջունում ենք քաղաքապետարանի այդ քայլը, հիշեցնում, որ դա լուրջ ծրագիր է, որը չի լուծվում մեկ քայլով ու մեկ տարում»,-նշեց ՀԿ տնօրենը՝ հույս հայտնելով, որ այդ ծրագրի կազմման ու իրականացման աշխատանքներում քաղաքապետարանը կներգրավվի նաև ոլորտում գործող ու փորձ ունեցող հասարակական կազմակերպություններին։
Մասնագետի համոզմամբ, մայրաքաղաքին անհրաժեշտ է քառաշերտ կանաչապատում՝ բարձր ծառեր, մի քիչ ավելի ցածր ծառեր, ծաղիկներ, սիզամարգեր։
«Սա մշակված կանաչապատման ծրագիր է եղել։ Դրա իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ։ Այ օրինակ, մենք խոսում ենք սոսիների մասին, բայց հիմա տեսնում ենք, որ Երևանում գրեթե ոչ մի տեղ, բացի Մաշտոցի պողոտայից, դրանք չկան։ Պետք է կանաչապատման աշխատանքներին լուրջ մասնագետներ ներգրավվեն, պետք է գնահատեն, թե Երևանի օդի մաքրման համար ինչ ծառեր են պետք տնկել»,-ասաց բնապահպանը։
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնական վարչական շրջանում տեղակայված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում արդեն մի քանի օր է՝ ընթանում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ։
Քաղաքապետարանը հայտարարել է, որ ծրագրի առաջին փուլով ապամոնտաժվելու են անմիջապես Ազատության հրապարակին հարող՝ առաջին գծում գտնվող սրճարանները:
Ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
- Օպերան մեր առաջնահերթությունն է, կանդրադառնանք նաև մյուս զբոսայգիների սրճարաններին. Վիկտոր Մնացականյան
- Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից
- Քաղաքապետարան. Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու է
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում