Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին
2016 թ․-ին տեղի ունեցած ապրիլյան պատերազմի մասին բազմիցս խոսել ենք և նշել դրա էությունը, ըստ որի եղել է սրընթաց պատերազմի՝ բլիցկրիգի իրականացման փորձ, ինչը ձախողվել է։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունները ոչ թե պատերազմ էին, այլ «փոքր դիվերսիա»:
«Բավական է նշել այն, որ հրթիռային համակարգերի, տարբեր տիպի հրետանու օգտագործման քանակական ցուցանիշները, որոշ տվյալների համաձայն, ավելի շատ էին, քան 1990-ական թվականների պատերազմի ամբողջ ընթացքում կիրառվածը: Բնական է, որ սա եղել է շատ լուրջ ծրագրված միջոցառում, սա եղել է բլիցկրիգի մի փորձ, որը ձախողվել է»,- ավելացրել է Դ. Բաբայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Ս. Բաբայանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ծիրում Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո, Դ. Բաբայանը նշել է, որ Արցախը ինքնիշխան երկիր է, և մի քանի անգամ տարբեր հանրաքվեներում հաստատել է դա:
«Ամեն մի ընտրություն ևս ժողովրդի քվեն է: Մենք անկախ երկիր ենք, և մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակը կարող է փոխվել միայն մի դեպքում, երբ հետագայում ստեղծվի մեկ միացյալ հայոց պետականություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա նշեմ, որ մենք պարտավոր ենք վերջինիս հետ ունենալ բարիդրացիական, ջերմ հարաբերություններ՝ որպես բարեկամ երկիր, որտեղ կա մեծ հայկական համայնք»,- մասնավորապես ասել է Դ. Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Իշխանյան. Սամվել Բաբայանի առաքելությունը համարում եմ ավարտված
- Արցախի ոստիկանություն. Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել հաշվառումից
- Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում