ԵՊԲՀ-ն ճանաչվել է HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող
Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող:
ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համալսարանն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:
Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։
Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:
Horizon 2020-ի Spreading Excellence & Widening Participation (Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում) գործողության Twinning ծրագրի նպատակն է Եվրամիության անդամ պետությունների առաջատար միջազգային գիտական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում հայտ ներկայացրած երկրում իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող, ինստիտուցիոնալ, միջազգայնորեն մրցունակ և առաջադեմ հետազոտական նախագիծ, որը կհամապատասխանի գերազանցության չափանիշներին:
Twinning ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու գիտության և տեխնոլոգիաների կարողությունները: Այն օգնում է բարձրացնելու հայտատու երկրի, հաստատության, ինչպես նաև թիմի գիտահետազոտական պրոֆիլը:
Հաջողության կարող են հասնել Twinning-ին ներկայացված այն նախագծերը, որոնք հստակորեն ներկայացնում են հետազոտության կոնկրետ բնագավառում գիտական գերազանցության և նորարարական կարողությունների ընդլայնման ու խթանման գիտական ռազմավարություն, ինչպես նաև երկուստեք իրականացնող գործընկերների գիտաhետազոտական պոտենցիալը:
Հարակից հրապարակումներ`
- ««Հորիզոն 2020»-ին մասնակցությունը Հայաստանին հեշտ չտրվեց». աշխատաժողով
- Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան