Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան
«Այսօր հայկական հեռուստատեսությունը և կինոն այնպիսի իրավիճակում են, որ ստիպված են մեծ խնայողություններ անել, շատ բաներից հրաժարվել արտադրանք ստեղծելիս»,- այս մասին այսօր խորհրդարանում հայկական կինոյի խնդիրների մասին քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
Ռեժիսորը միաժամանակ ասաց, որ սովորաբար բարդ իրավիճակներում ստեղծագործող մարդիկ միշտ կարողանում են գտնել ելքը: «Այդ «փող չկան», իհարկե, ցավալի փաստ է, բայց ամեն դեպքում երբեմն մենք դաշտում տեսնում ենք այնպիսի լավ գործեր, որոնք արված են շատ սուղ գումարներով, փոքր ֆինանսավորմամբ, որոնք աչք են շոյում, միտք են հագեցնում»,- նշեց նա:
Անդրադառնալով սերիալներին՝ Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ինքը մեծագույն հաճույքով նայում է 16, 20 կամ 25 մասանոց սերիալները, որոնց մեջ կան իրեն հետաքրքրող թեմաներ. «Ասել, որ մեզ ընդհանրապես պետք չեն սերիալներ և դրանք այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, դա մեծագույն սխալ է»:
Դիտարկմանը, թե հայկական սերիալներում բռնություն է քարոզվում , ռեժիսորն ասաց, որ յուրաքանչյուր հեռուստաընկերության ղեկավարություն հետևում է որոշակի բարոյական նորմատիվների և, ըստ այդմ, կարողանում են կառուցել սերիալը. «Գոյություն ունի տարիքային ռեյտինգի թվանշում, եթե ֆիլմի վրա կա այդ թվանշումը, ապա պետք է հետևել դրան: Ասենք, 6 տարեկան երեխային 18+ թվանշումով հեռուստաարտադրանքն ուղղակի չպետք է թույլատրել դիտել: Ի վերջո, հենց այնպես չի ցուցադրվում բռնությունը, ցուցադրվում է ինչ-որ արարք խարազանելու կամ որոշակի պատմություն պատմելու համար,իսկ որպես կանոն, յուրաքանչյուր պատմության ավարտին չարը պատժվում է: Այսինքն՝ դա նաև որոշակի ուսուցողական նշանակություն ունի»:
Նրա խոսքով՝ հեռուստատեսությունը կարող է ունենալ ազդեցություն, բայց չի կարող լինել ուսուցման կամ քարոզելու տեղ:
Հարցին, թե այսօր ինչու են ավելի պահանջված հնդկական, քան հայկական սերիալները, Հրաչ Քեշիշյանն ասաց, որ դա էլ է տենդենց, մարդիկ նորություն են ուզում:
«Հիշո՞ւմ եք, մի ժամանակ բրազիլական սերիալներն էին, հիմա՝ հնդկական: Ես հետևում եմ վարկանիշներին, կարծում եմ, հնդկական սերիալները զիջում են: Բայց պետք է դրա մեջ գտնել որոշակի տրամաբանություն՝ ինչո՞ւ են նայում հնդկական սերիալները, միգուցե կա մշակութային, կենցաղային նմանություն, հայերենը և հնդկերենը նույն հնդեվրոպական լեզվաընտանիքի անդամ են, շատ բառեր, ուտեստներ կան, որ նման են: Կա մի կապ, որ հայկական հեռուստադիտողը, անկախ իրենից, փորձում է դիտել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում