Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության
Շվեդիայի Վեստերոս քաղաքում 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող որոշումներ կայացնել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների խմբակցությունները համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ իրենք ցանկանում են, որ հուշարձանը տեղադրվի, սակայն օրենքով քաղաքապետարանը չի կարող տարածք հատկացնել հուշարձանի համար: Վերջիններս հայտարարել էին, որ հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե որևէ կազմակերպություն կամ անհատ իր սեփական տարածքը հատկացնի հուշարձանի տեղադրման համար: Այս հայտարարությանն առաջինը արձագանքել է եկեղեցին:
Վեստերոսի եպիսկոպոս Միքաել Մորգանը և Եկեղեցու խորհրդի նախագահ Յորգեն Էքլանդը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ եկեղեցին պատրաստ է իրեն պատկանող հողատարածքներից տարածք տրամադրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար:
Նշենք, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցվել էր 2015-ի մայիսին: Օրեբրո քաղաքում կանգնեցված հուշարձանի վրա հայերեն, արամեերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։