«Հետք». Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նրա վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո նոր քննչական գործողություններ և դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:
«Առաջինը միջնորդել ենք վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ գտնում ենք, որ անհիմն է: Նման որոշում չկայացնելու դեպքում միջնորդել ենք հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին, որովհետև բոլոր տեսանյութերում երևում է, որ նրանք առանցքային դերերում են եղել»,- ասել է Տիգրան Սաֆարյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:
2018-ի ապրիլին Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրա շրջանակներում քաղաքացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անհնազանդության գործողություններ էին իրականացնում, փակում փողոցները: Ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսված էր Հայաստանի վարչապետի ընտրությունը: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում՝ դեպի Ազգային ժողով տանող հատվածներում փշալարեր էին անցկացված: Այդ օրը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, որից մեծաթիվ քաղաքացիներ վնասվածքներ ստացան:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
- Փաստաբան. Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
- Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ