Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն և հեռանկարային բիզնեսները. Հանեսյան
Հայաստանի բանկային համակարգի 2018 թվականի գործունեության ընդհանրական ցուցանիշներին, զարգացումներին և փոփոխություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը, մինչ թվային ցուցանիշներ ներկայացնելը, նախ անդրադարձավ ընդհանուր բանկային կամակարգի նկատմամբ վերաբերմունքին։
«Վերջին երկու տարվա ընթացքում թյուր կարծիք է ձևավորվել հասարակության մոտ, որ բանկերն ավելի շատ խաբում են իրենց թանկ վարկերով, ավելի վատ վիճակի մեջ են գցում հասարակությանը, գույք են ձեռքներից առնում։ Ուզում եմ հստակեցնել, որ նախևառաջ բանկերն առևտրային կազմակերպություններ չեն, իրենք գույքի վաճառքով չեն զբաղվում, բացի բանկային գործունեությունից այլ բիզնեսով չեն զբաղվում, և շահ կամ նպատակ չունեն մարդկանց բիզնեսին տեր դառնալու։ Շատ կարևոր է հասկանալ, որ տրամադրվող վարկերը բանկերի անձնական միջոցները չեն, կամ ոչ միայն բանկերի սեփականատերերի կողմից ներդրված կապիտալի հաշվին է լինում, այլ այն մարդկանց խնայողությունների հաշվին, ովքեր որ վստահել են իրենց խնայողությունները ավանդի տեսքով ներդնելով բանկային համակարգում»,- նշեց Հանեսյանը։
Նրա խոսքով, հայաստանյան բանկերի ստացած մարժան, երբ համեմատում ենք հարևան երկրների հետ, պարզ է դառնում, որ Հայաստանի բանկային համակարգն ավելի համեստ եկամուտ է ստանում. «Դրա հետևանքով է, որ Հայաստանի բանկային համակարգի եկամտաբերությունը միջինում կազմում է 8 տոկոս»։
Հանեսյանը նաև ընդգծեց, որ բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն և հեռանկարային բիզնեսները, որոնք միտված կլինեն արտահանելուն։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ ներկայացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք բնութագրում են ընդհանուր համակարգը։
«2018 թվականին բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 771 մլդ դրամ, ակտիվները՝ 4.9 տրլն դրամ, վարկերը՝ 3.2 տրլն, իսկ պարտավորությունները՝ 4.2 տրլն ՀՀ դրամ։ Անցնող տարվա ընթացքում բանկերի կապիտալն աճել է 11.3 տոկոսով, ակտիվները՝ 14 տոկոսով։ Վարկային ներդրումները ևս աճել են։ Այստեղ աճ է նկատվել 392 մլրդ դրամով կամ 13.7 տոկոսով։ Հիպոթեքի համար տրվող վարկերն աճել են 22 տոկոսով, գյուղատնտեսության ՝ 5.7, արդյունաբերության՝ 9.4, տրանսպորտի և կապի՝ 46.2, առևտրի՝ 13, ծառայություններ՝ 31.2, սպառողական վարկերն աճել են 36 տոկոսով։ Շինարարական ոլորտին տրված վարկերի ծավալները նվազել է 1.8 տոկոսով։ 2018 թվականին ընդհանուր ավանդները նախորդ տարվա համեմատ աճել են 273 մլրդ դրամով և կազմել են 2 տրլն 863 մլրդ դրամ»,- մանրամասնեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 2019 թվականին, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենն ասաց, որ բոլոր ֆինանսական ցուցանիշներով այս տարի աճ են կանխատեսում
Նրա խոսքով՝ բանկային համակարգը առաջընթացիկ զարգացում է ունենում, քան ողջ տնտեսությունը և իր միջնորդական գործունեությունը տարեցտարի ավելի ընդլայնում է։
Ինչ վերաբերում է կանխիկ և անկանխիկ գործարքների ծավալին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը հայտնեց, որ 2018 թվականին կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 536 867 մլն դրամ, որը 2017 թվականի համեմատ աճել է 17,5 տոկոսով։
Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 395 937 մլն դրամ, որը 2017 թվականի համեմատ աճել է 47,2 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, բոլոր քարտերով կատարված գործարքների ծավալի 20 տոկոսը կատարվել է անկանխիկ, իսկ 80 տոկոսը՝ կանխիկ տարբերակով։
Հանեսյանն այստեղ ընդգծեց, որ պետք է գնալ անկանխիկի՝ գերակշռելու ուղղությամբ։
Անդրադառնալով Ամերիաբանկին, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ բանկի կողմից 2008 թվականից ի վեր 4,5 մլրդ դոլարին համարժեք և ավելի գումար է տրամադրվել տնտեսությանը վարկերի տեսքով։
«Տարեկան մոտ 39 տոկոսով աճել է մեր վարկային ներդրումները։ Այդ գումարներից առնվազն 1.2 մլրդ դոլարին համարժեք գումարը տրամադրվել է արտահանման ֆինանսավորման համար։ 2018 թվականին Ամերիայի սպառողական վարկային պորտֆելը կրկնապատկվել է, հիպոթեքային վարկային պորտֆելի աճը կազմել է 50 և ավելի տոկոս, բիզնեսին տրամադրված վարկերն աճել են 14 տոկոսով։ Կարող եմ ասել, որ հաճախորդների քանակը կրկնապատկվել է»,- ներկայացրեց տնօրենը։
Նա հավելեց, որ շարունակելու են ընդլայնել ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը
- Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները
- ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում՝ Ամերիաբանկի կայքով
- «Ռուս ընդ Հար» և Ամերիաբանկ. Վստահելի գործընկերություն` միտված տնտեսության զարգացմանը
- Նախորդ տարին բավականին հաջող է եղել Ամերիաբանկի համար. Գևորգ Թառումյան
- Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ