Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
Տարիներ շարունակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օրը սկսվում է ու ավարտվում Շիրակի գյուղերի անապահով ընտանիքներին հրատապ օգնություն հասցնելով, Գյումրիի տնակային ավաններում իրենց դարդ ու ցավի հետ միայնակ մնացած մարդկանց վառելիք ու անհրաժեշտ այլ բաներ տրամադրելով։ Այն, ինչ տեսնում է Թումասյանը, ասում է, համեմատելի չէ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տեսածի ու լսածի հետ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Ռանչպարից վերադարձել է ծանր տպավորություններով ու ասելիքը չափածո էր ներկայացրել։
ՀԿ նախագահը բարեգործությունը չի ողջունում, համարում է պարտադրված մի բան, երբ պետք է մարդուն փրկել ցրտից կամ սովից։ Ասում է՝ ծանր տպավարություններ միշտ է ունենում, բայց չափածո կամ արձակ գրվածք չունի։
«Երբ անցնում եմ Շիրակի սահմանամերձ լքված, կիսաքանդ գյուղերով, դիմացը Անիի ավերակներն են, որոնցից մեր գյուղերը գրեթե ոչնչով չեն տարբերվում։ Էլ չեմ խոսում տնակային ավանների մասին։ Ես սենտիմենտալ չեմ, այդ պահերին պարզապես հայհոյանք է գալիս մտքիս՝ ուղղված բոլոր իշխանություններին վերջացրած բախտով, հասնում են դրանք երբեմն բոլշևիկներին ու ամբողջ աշխարհին։ Հատկապես դժվար է, երբ աղքատության ճիրաններում ապրող երեխաներ ես տեսնում։ Օգնում ես, գալիս, բայց հասկանում ես, մի քանի օր հետո էլի նույն վիճակում են լինելու։ Էդ տպավորություններով... չգիտեմ, երևի փորձեմ վարչապետի տարբերակով լիցքաթափվել, որ առողջական վիճակիս վրա էլ չազդի։ Ինձ մոտ այդ տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով։ Գուցե սարի մարդիկ ենք, լեռնային, դրանից է»,-ասում է Թումասյանը։
Նրա ընկերները վերջերս հաճախ են ասում՝ լրիվ ուրիշ մարդ ես դարձել։ Խուսափում է տոնական խնջույքներից, հավաքույթներից, մշակութային միջոցառումների, սեմինարների ու դասախոսությունների էլ չի գնում։ Օրվա ընթացքում տեսած պատկերները երկար ժամանակ նրան հանգիստ չեն տալիս։
«Երբ մի փոքրիկ սննդամթերք ես օգնություն տանում, երեխաներն անմիջապես հարձակվում են այդ պարկի վրա։ Գյումրիում ահավոր դեպքեր կան, երբ մայրը թողնում է երեխաներին, գնում ավտոկայան, գազել մաքրի, օրը 500-1000 դրամ աշխատի, շուկայից առնի ընկույզի մեծությամբ էժան կարտոֆիլ։ Տանն էլ 6-7 տարեկան երեխեքը մենակ, ոտաբոբիկ սպասում են, որ մայրը կարտոֆիլը բերի, ուտեն։ Գյումրիում մասայական շոր են վառում, փայտ չունեն»,-ասում է Թումասյանն ու գոհունակությամբ նշում, որ իրենց կողքին եղած բարերաների շնորհիվ 1500 ընտանիքի ամբողջ ձմեռ փայտով են ապահովել։
Նա պնդում է՝ ավելի լավ է լացելու պոեզիայի փոխարեն, քայլեր ձեռնարկել, ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող ընտանիքների գոնե վառելիքի հարցը լուծել։
«Եթե մի կազմակերպություն կարողանում է այդքան խնդիր լուծել, ո՞նց կլինի՝ մի ամբողջ պետություն չկարողանա դա անել։ Սուտ է։ Թող էդ պոեզիայի փոխարեն կանչի համապատասխան պաշտոնյաների ու կտուրկ հանձնարարականներ տա։ Ասի՝ դուք նրա համար եք, որ խնդիրը լուծեք։ Բա ամո՞թ չի, 21-րդ դարում երեխան քաղցած օր անցկացնի։ Տնակային ավան թող այցելեն։ Սարսափելի հոգեբանություն է, մարդկային ոչ մի բան չի մնում, արժանապատվություն, բան ամեն ինչ կորում է այնտեղ»,-ներկայացնում է նա։
ՀԿ նախագահն ասում է՝ բազմաթիվ նամակներ է գրել իշխանության ներկայացուցիչներին, զարմանում է, ինչո՞ւ նրանցից որևէ մեկն այդ մարդկանց հետ չի ցանկանում շփվել, խնդիրները տեսնել ու լսել։
«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ չեն կարողանում սկսել աշխատել։ Հիմա բոլորը՝ պատգամավորները, մարզպետներն ու այլ պաշտոնյաներ զբաղված են մշակութային միջոցառումներին մասնակցելով, կաբինետներում խոսելով։ Օրինակ ինձ Օպերան ուրախացրել էր մի բանով, ի սեր աստծո, թող քանդեն, բայց մի գործ անեն։ Էլ չեմ ասում կառուցելու մասին, բայց վերջ տան էլի տարբեր դահլիճներում սեմինարներին ու միջոցառումներին մասնակցելուց, մարդու իրավունքների մասին լսելու փոխարեն, պետք է նրանց այցելել։ Ճառ ասելու, էն էլ անտաղանդ ճառեր ասելու փոխարեն, պետք է զանգ կախել»,-նշում է նա՝ հստակեցնելով, որ Փաշինյանը գոնե հռետորական ձիրք ունի։
Թումասյանի խոսքով, լավ գործ անելու համար մեծ միջոցները կարևոր են, բայց ոչ անհրաժեշտ, կարելի է շատ խնդիրներ լուծել նաև սրտացավության ու նվիրվածության արդյունքում։
Օրինակ, Անիի տարածաշրջանի փրկությունը կարող է լինել Ախուրյանի ջրամբարի փշալարը մոտ մի քանի տասնյակ մետրով տեղափոխելը, որ մարդիկ ջրին մոտենալու հնարավորություն ունեն։
«Մարդիկ չեն կարողանում հսկա ջրամբարից օգտվել, գյուղերը դատարկվում են, հողերը մնում անջրդի։ Հասկանում եմ՝ փշալարի տեղափոխումը դժվար գործ է, բայց մի քանի խնդիր է լուծելու, նաև հանգստի գոտի կլինի, կկարողանան ձուկ որսալ, հող ոռոգել։ Պետք է բանակցություններ վարեն, միջոցներ գտնեն։
Մի տարբերակ էլ ասեմ։ Մաքսայինի տերմինալներ կարելի է տեղափոխել մարզեր, աշխուժություն կմտնի, աշխատատեղեր կստեղծվեն, Երևանն էլ տրանսպորտից կբեռնաթափվի։ Մի խոսքով, ցանկության հարց է։
Երբ քիչ մասնակցեն էդ հիմար միջոցառումներին, ֆեյսբուքում էլ քիչ տափակ ու դեբիլ ստատուսներ գրեն կառավարության անդամները, դեպուտատները, պատգամավորները, մարզպետները, կսկսեն նորմալ գործ անեն։ Եթե նույնիսկ բահը վերցնեն ու մի գյուղացու օգնեն, ավելի մեծ գործ կանեն, քան թե իրենց կաբինետներում իրենց երևակայելով»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան