Օլաֆ Զիմելկա. Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում
«Մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:
Նշելով մեր երկրի համար համատեղ ծրագրերի կարևորությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և մեր երկիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում