Փաշինյանը Մարտի 1-ի մասին
«Մեր խնդիրն այն է՝ ունենանք այնպիսի դատարան, որ և Ռոբերտ Քոչարյանի հարցը, և պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության և օբյեկտիվության շրջանակներում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարություններին, որ հաշվեհարդար է տեղի ունենում:
Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունը և ինքն անձամբ 100 տոկոսով հավատարիմ են այդ քաղաքականությանը. «Այդտեղ որևէ կասկած որևէ մեկը չպետք է ունենա»:
Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո և համերաշխության հեղափոխության միջոցով:
«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, ապա շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել: Ուզում եմ ասել՝ խնդրում եմ որևէ մեկին որևէ գործողություն երբևէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, ընկալումների, անձնական պատկերացումների շրջանակում: Դա յուրաքանչյուրի իրավունքն է՝ ցանկացած մեկնաբանություն տալ, ուղղակի հենց այդպիսի մեկնաբանությունների հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել»,– ընդգծեց վարչապետը:
Հարցին, թե արդյոք նոր քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի զոհերի բացահայտման առումով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործը հարուցվել է:
Նա նաև նշեց, որ առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է Քննչական մարմինների կողմից, գործ ունեն հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են:
«Այսինքն՝ այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ուներ փոխել պարկուճները: Այո, հնարավոր է այդտեղ կար երկրորդ կոնտեքստը, որ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի հնարավոր ներգրավվածությունը գործընթացին, բայց կարող է լինել նաև վարկած, որը շատ մեծ հավանականություն ունի, որ նաև այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Այսինքն՝ սպանություն կատարած փամփուշտի գնդակի պարկուճային մասը եղել է տեղում: Եթե սա է վարկածը, նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է՝ ովքեր են սպանողները: Հետևաբար, այն բոլոր մարդիկ, որոնք նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, իրենք պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սպանությունների բացահայտման գործն առանցքային կարևոր գործ է, իսկ երբ 2018 թ-իօգոստոսի 17-ին հայտարարում էր, որ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաև դա նկատի ուներ:
«Հիմա այդ մարդիկ պետք է գան ասեն, թե ինչու են պարկուճները փոխել: Բայց այդ մարդիկ, կարծես գալու և ասելու ցանկություն չունեն: Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու և որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Հայաստանում շատերը տպավորություն ունեն, թե ես եմ քննությունը վարում, ասում եմ՝ էս մեկին ձերբակալել, մյուսին բռնել, էն մեկի խափանման միջոցը փոխել, այստեղ-այնտեղ խուզարկություն անել: Դա այդպես չի, թե այդպես լիներ, դա կլիներ սխալ»,- նշեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ. Խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քննարկում են ՄԻԵԴ ևս մեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան