Անկում մինչև ոտանավորի աստիճան
Բոլորին հայտնի ու հասկանալի շատ հին իմաստնություն կա. պետք չէ ողջ ծովը խմել` ջրի համն իմանալու համար։ Թավշյա իշխանության որակն ու տեսակը, նպատակն ու հնարավորությունները հասկանալու համար անցած 11 ամիսները լիովին բավարար էին։ Ովքեր դեռ շարունակում են իներցիայով պնդել` «հանբերեք, թողեք` աշխատեն», այլևս ժամանակավրեպ են ու մտոք իներտ, ստերջ, ամուլ։ Երբ որևէ մեկը կարող է ինքնուրույն լվացվել ու մաքրել աչքերի ճպուռը, բայց հետաձգում կամ սպասում է ուրիշի միջամտությանը, ուրեմն կամ դավաճանաբար (դասականն է ասել) սեփական միտքը չի ուզում գործածել, կամ էլ` խիստ որոշակի միտում ունի։
Նույնիսկ եթե անտեսենք, որ թավշյա իշխանափոխության հռչակած «բոլորին երջանիկ դարձնելու» տեսլականը սկզբունքորեն է անիրագործելի, դարձյալ չենք փրկի ոչինչ։ Ադամի ժամանակներից է հայտնի, որ ո՛չ բոլորն են իրենց երջանիկ զգում անգամ դրախտում։ Ոմանք էլ ինքնուրույն են ու սկզբունքորեն դեմ, որ մեկ ուրի՛շն իրենց երջանկացնի։ Եթե անգամ անտեսենք` որ թավշյա իշխանությունը չունի որոշակի ծրագիր և որևէ ծրագիր իրագործելու կարողություն, և ընդունենք` որ «հեղափոխական» բոլո՛ր ծրագրերը իրագործելի են, ապա դրանք իրականություն դարձնելու առավելագույն ժամկետը (անգամ հին, բոլշևիկյան մտածողությամբ) մեր սրընթաց փոփոխությունների ժամանակներում` կարող է լինել հնգամյակը։
Ստացվում է, որ թավշյա իշխանության առավելագույն հնարավոր գոյության 1/5-ն արդեն անցել է` անարդյունք ու անհեռանկար, բայց` կործանարար հետևանքներ ու համապարփակ քաոս է առաջացրել։ Իհարկե. կարելի էր կարծել, որ թավշյա շրջանի կուռքն իր առաջացրած քաոսից կարող է կանանակարգություն, դրախտային ներդաշնակություն ստեղծել։ Մինչդեռ, և՛ կռապաշտության տեսանելի, ահագնացող նահանջը, և՛ կախարդական փայտիկ ունենալու մասին խաբկանքի բացահայտումը նման հրաշքի անգամ ցնորքը, պատրանքը, երազն են ոչնչացնում։
Եթե առաջ անցնելով` պատկերացնենք, թե Փաշինյանի ռեժիմը կարողացել է հինգ տարի գոյատևել ու որոշակի հետագիծ է ունեցել, ապա այդ գիծը` թող ոլորաններով ու վայրիվերումներով, բայց պետք է որոշակիորեն ձգվի մի ելակետից դեպի ինչ-որ վերջնակետ։ Մինչդեռ անցած գրեթե մեկ թավշյա տարին պարզորոշ ցույց է տալիս, որ եթե որևէ բան տեղի է ունեցել, ապա դա միայն ու միայն իշխանափոխությունն է։ Իշխանավորների կուսակցական խմբին փոխարինել է էկլեկտիկ` անգաղափար, անդեմ, ապաքաղաքական, ապազգային, էգոցենտրիկ ու սին հավակնոտությամբ, արտաքին սնուցմամբ գործող մի խմբավորում։
Իշխանական դարձած հեղհեղուկ այս գոյացությունն իր մաքսիմում ժամանակի 20%-ն արդեն վատնել է։ Այս ժամանակահատվածում թավշյա իշխանությունն ընդամենը վերացրել, քանդել, ջնջել, ավիրել է իր մեկնակետը և քաոտիկ, աննպատակ, անկապ քայլերով ապականել ամեն ինչ` երկրի ներսում, ժողովրդի, հարևանների, դաշնակիցների ու թշնամիների հետ հարաբերություններում, միջազգային բոլոր հարթություններում։ Այսինքն. պարզ ու անհերքելիորեն ցույց է տվել, որ չունի ազգային, պետական, որևէ այլ նպատակային վերջնակետ, քանի որ ունի` արտաքին ուղղորդում։ Ի՞նչ է. խմե՞նք այս նեխած ջուրը էլի, թե՞ արդեն հասկանալի է, որ եթե 4 տարի ևս համբերենք ու թողնենք աշխատեն, միայն եղածն է ոչնչանալու ու ոչինչ չի սարքվելու։
Սորոս քեռին կամ արդեն տուն մեկնած դեսպանը գուցե Փաշինյանի խոստացել էին` «կախարդական փայտիկ» տալ, բայց փաստ է` որ չտվեցին ու այլևս չեն տալու։ Եվ սա կանխատեսելի էր, քանի որ նույնիսկ Սաակաշվիլուն` «իրենց տղային» չտվեցին ու դարձրեցին քաղաքական բոմժ, հիմա էլ Պորոշենկոյին են նույն ճանապարհը թելադրում։ Փաշինյանի առաջիկա քայլերից հասկանալի կդառնա. ուզո՞ւմ է թավշյա վարչապետը կրկնե՛լ սրանց ճակատագիրը (եթե անգամ 0 վարկանիշ ունեցող Պորոշենկոն արտաքին ստնտուների կամքով վերընտրվի)։
Ռանչպար կատարած հուսահատ ու անակնկալ այցից ծնված ոտանավորը թավշյա իշխանության գործունեության «ամփոփ ծրագիր», պետական կառույցներին հասցեագրված «հանձնարարական», բոլոր թավշյա պաշտոնյաների «անելիքի էություն ու բնույթ» հռչակելը 11 ամիսներից հետո առաջացած կատարյալ ամլության, դատարկության, ամայության, անմտության լավագույն հաստատումն է։ Թավշյա ռեժիմի օրոք ամեն ինչ գահավիժել է լայվի ու ոտանավորի աստիճան։ Անկման տեղ իսկ այլևս չկա։ Համբերենք, թողենք աշխատեն` որ ի՞նչ անեն։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու