ԱԳՆ խոսնակ. Որքան էլ գայթակղիչ լինի, լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է ԼՂ հիմնահարցը
«Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և Նուրսուլթան Նազարբաևի միջև։ Ղազախստանի հետ ունենք բազմաշերտ օրակարգ, որը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, որի համար արդյունավետ համագործակցություն է տարվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, որտեղ առաջնային են ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի պաշտոնից Նազարբաևի հրաժարականին։
Լրագրողները հիշեցրեցին՝ Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և որ Հայաստանն ու Արցախն իբր ադրբեջանական պատմական հողերն են, ապա նախարարության ներկայացուցչին հարց ուղղեցին՝ արդյոք սա չի˚ նշանակում Մադրիդյան սկզբունքներից հրաժարում։
Աննա Նաղդալյանը, ամբողջությամբ ծանոթ չլինելով հայտարարությանը, ընդհանուր դիտարկում արեց, որ լսեցինք այն, ինչ լսել ենք, նորություն չկա։
«Որքան էլ գայթակղիչ լինի, լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է հիմնահարցը։ Մենք դեռևս սպասում ենք համարժեք պատասխանի մեր այն մոտեցմանը, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար»,-ասաց բանախոսը։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցին, Նաղդալյանը հիշեցրեց, առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի կարող ընդունվել, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։
«Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում։ Եվ հենց դրանից ելնելով է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում բոլորի հետ համագործակցությամբ և կոնսենսուսային որոշումների հիման վրա կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,-մանրամասնեց նա։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները շարունակվում են, քննարկումներ կան իրավական առկա բացերը լրացնելու ուղղությամբ։
«Թե երբ կավարտվեն դրանք, ասել չեմ կարող, բայց իրավական բացը լրացնելու ուղղությամբ քննարկումները դեռևս շարունակվում են»,-տեղեկացրեց նախարարության խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին
- ՌԴ ԱԳՆ. ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ
- ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է ստեղծվել. Լուկաշենկո
- Փաշինյան. Հակամարտության լուծումը ենթադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին