Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան. պատգամավոր
«Կոնսենսուս կա, որ պետական տուրքը պետք է բարձրանա, բայց խնդիրն այն է, թե որքան»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն՝ անդրադառնալով գրավատների և տարադրամի փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների պետտուրքերի բարձրացման վերաբերյալ: Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվել է 6 մլն պետտուրք, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն:
Հայկ Գևորգյանն ասաց, որ այսօրվա քննարկման ժամանակ լսել են միայն մեկ կողմին, այսինքն՝ տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների ներկայացուցիչներին, պետք է լսեն նաև մյուս կողմին, որ վերջնական որոշում կայացնեն:
«Իրականում այն, ինչ ներկայացրել է Կառավարությունը, մեզ չի բավարարում: Գուցե հաջորդ քննարկմանը ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը բերեն այնպիսի փաստարկներ, որ կհամոզեն մեզ, գուցե չհամոզեն: Միայն պարզաբանումները լսելուց հետո պարզ կդառնա»,- ասաց պատգամավորը:
Հայկ Գևորգյանը նշեց, որ գրավատների և փոխանակման կետերի ներկայացուցիչներից փորձում են հասկանալ, թե որն է պետտուրքի բարձրացման այն օպտիմալ չափը, որը կլուծի վերահսկողության, բյուջեի մուտքերի և մրցակցության խնդիրը, բայց նման հաշվարկներ առայժմ չեն ներկայացվել:
Դիտարկմանը, թե արդյոք նոր օրենքով տրամաբանական է ներկայացված պետտուրքի չափը, պատգամավորն ասաց, որ պետք է գլոբալ նայել խնդրին:
«Քննարկումների ժամանակ լսեցինք, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Այսինքն՝ որպես բիզնես, ժամանակի ընթացքում գրավատները, փոխանակման կետերը կորցնում են իրենց մրցունակությունը։ Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին սուպերմարկետներում գործող փոխանակման կետերն են, բանկերի մասնաճյուղերն են, որոնց թե աշխարհագրական սփռվածություն է մեծ, թե մատուցվող ծառայությունների մարժան է փոքր: Այնպես որ, անկախ ամեն ինչից, այստեղ խնդիր կա»,- նշեց Հայկ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական տուրքի բարձրանալու դեպքում փոխանակման կետերն ու գրավատները կփակվեն. Քննարկում՝ ԱԺ-ում
- Բողոքի ակցիա. Վարչապետն ամեն օր ասում է՝ ժողովրդի կառավարությունն ենք, հիմա թող գա ու լսի ժողովրդին