Երեկ ծանր օր էր Հերացի համալսարանական հիվանդանոցում՝ 1 օրում 4 դանակահարության ծանր դեպք. Արմեն Մուրադյան
«Մեր Բժիշկները կրկին փայլեցին իրենց մասնագիտական հմտություններում. փրկեցին 3-ին, ցավոք նրանց չհաջողվեց փրկել երիտասարդներից 1-ի կյանքը...»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ես երեկ ականատես եղա թե ինչե՜ր արեցիք, որ փրկեիք երիտասարդի կյանքը…
Որպես խոշորագույն բժշկական հաստատության ղեկավար պարտավոր եմ երեկվա աշխատանքի համար բոլորիդ անվանական շնորհակալություն հայտնել: Որպես ապագա բժիշկներ կրթող հաստատության ղեկավար ուզում եմ, որ իսկական կոչումով ԲԺԻՇԿՆԵՐԻՆ մեր հասարակությունը ճանաչի անուններով: Բայց, ցավոք դա այդպես չէ, որովհետև, երևի թե սխրանքների մասին խոսելը հանրային քիչ հետաքրքրություն է առաջացնում, սակայն կարծում եմ, որ ՎԱՏԻՆ անպայման պետք է հակադրել ԼԱՎԸ, որ կարողանանք հոգեբանորեն օգնել հիվանդին:Ամեն դեպքում վատն ասելուց, չմոռանանք նաև լավը տեսնելուց՝ լավը ասել: Վատին մատնանշելով և ցույց տալով մեր անհունդուրժողականությունը, լավը չպիտի անտեսել, մտածելով, որ դա զուտ մասնագիտական պարտականություն է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ համալսարանական մեր բոլոր ԲԺԻՇԿՆԵՐԻՆ: Հարգելի ԲԺԻՇԿՆԵՐ,պարտավոր ենք ձեզ մեծարել, որպեսզի կարողանանք կոտրել մեր բժշկի մասնագիտության հանդեպ ձևավորված անվստահությունը: Միշտ նշել եմ, որ բուժման կեսը ԲԺՇԿԻ նկատմամբ հավատն է, փորձենք պահպանել այդ հավատը:
...Իսկ որ Հայաստանում լավ բժիշկներ ունենք, ուրանալ չի կարելի...»։