Ավշավրի ուսուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում աշխատել Հերմինե Անդրեասյանի հետ. մարզպետարան
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։
Մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ դպրոցի ուսուցիչները միաձայն պնդել են՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ իսկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրել է՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որևէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, և չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։
«Յուրաքանչյուր ոք այստեղ պաշտպանված է, բոլորն օրենքի առաջ հավասար են։ Որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվել և չի ազատվելու դպրոցից, ես դրա երաշխավորն եմ»,- իր խոսքում ասել է Գարիկ Սարգսյանը։
Անդրադառնալով մամուլով շրջանառվող այն խոսակցություններին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, մարզպետ Սարգսյանը ևս մեկ անգամ հերքել է՝ ազգակցական որևէ կապ չունի վերջինիս հետ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, ապա այս առիթով մարզպետը նշել է, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որևէ կարգադրություն չի եղել։
«Մարզպետը չի կարող որոշել՝ տնօրենն աշխատում է, թե՝ ոչ։ Եթե տնօրենը թերանա իր աշխատանքում, ապա կստանա համապատասխան նկատողություն։ Ես չեմ կարող նաև ստիպել, որ դպրոցի տնօրենն ազատման դիմում գրի»,- ասել է մարզպետը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ, արձագանքելով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պահանջել է հարգել իրեն որպես մարդ, չարատավորել իր անունը, տարիների ընթացքում ձեռք բերված մանկավարժի բարձր համբավը։
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ իր հերթին ևս խորհուրդ է տվել անցնել աշխատանքի, վերականգնել դպրոցի բնականոն աշխատանքը, քանի որ երեխաներն արդեն բավականին դասաժամ են բաց թողել։
«Ո՞վ է իրավունք տվել խախտել երեխայի՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Անձնակազմի ներքին խնդիրներ են, որոնք պետք է լուծել միայն դպրոցի ներսում, որից երբեք չպետք է տուժեն երեխաները։ Մեկ օրվա աշխատած տնօրենի աշխատանքը, զարմանալի է, որ գնահատում եք։ Եկեք գնահատական չտանք, թույլ տանք՝ աշխատի տնօրենը»,- ասել է Աշոտ Արշակյանը։
Ինչ վերաբերում է դպրոցում ոստիկանների ներկայությանը, ապա ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը մեկնաբանել է, որ ոստիկանությունը դպրոցում ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրից այնտեղ ունեցել է իր ներկայացուցիչներին, քանի որ ոստիկանների պարտքն է պաշտպանել հասարակական կարգը։
«Դպրոցի ուսուցիչները հեռացել են մարզպետարանից՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում հետ կանգնել իրենց որոշումից և աշխատել Հերմինե Անդրեասյանի հետ։
Քննարկման մասին կզեկուկցվի նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Մարզպետարանն ու ՀՀ ԿԳՆ-ն կփորձեն, որքան հնարավոր է շուտ, համատեղ լուծումներ գտնել»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարն ասել է, թե ով է աշխարհի ամենաթանկ աշակերտն, ում վրա իրենք տարեկան ծախսում են 19 մլն. դրամ
- ԿԳՆ կողմից ոչ մի արձագանք չկա Ավշարի դպրոցի իրավիճակին. Արմինե Դավթյան
- ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
- Մարզպետը՝ Ավշարի դպրոցի տնօրենի մասին