Կարաջիչի վերջնական դատավճիռը կհրապարակվի այսօր
Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի վերջնական դատավճիռն այսօր կհրապարակվի Հաագայում ՄԱԿ-ի դատարանում։ 3 տարի առաջ նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը մեղավոր ճանաչեց նրան 10 կետերով, որոնց մեջ էր նաև Սրեբրենիցայի ցեղասպանությունը, ու դատապարտեց Կարջիչին 40 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Դրանից հետո Կարաջիչը, ով պնդում էր իր անմեղության մասին, գործընթացն անվանել էր քաղաքական ու բողոքարկել դատավճիռը։
Մեղադրական կողմը ևս գոհ չէր մնացել դատավճռից, քանի որ պահանջում էր ցմահ բանտարկություն։
Ռադովան Կարաջիչը, ով այժմ 73 տարեկան է, 13 տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից, սակայն 2008թ.-ին ձերբակալվեց Սերբիայի հատուկ ծառայությունների կողմից Բելգրադի արվարձաններում։