Բախտախնդրություն
Երեքշաբթի կայացած պարապ ասուլիսից հետո Փաշինյանի խոսքին ու գործին կոնկրետ անդրադառնալու անհրաժեշտություններ են առաջանում` որ սուտը ճշմարտություն չհամարվի։ Եթե թավշյա վարչապետը չի ուզում կամ չի կարողանում ինքն իրեն խոստովանել, որ ամեն ինչ տապալել է ու իր բոլոր ձեռնարկները ձախողել է, ապա հաջորդիվ ուղղակիորեն ու այլաբանորեն ներկայացվածը կարող է նրան էականորեն օգնել։
Անվերապահորեն ողջունելի է, որ թավշյա վարչապետը 150-ամյա հոբելյանի կապակցությամբ խրախուսում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ընթերցումը և նույնիսկ ցիտում է նրա ուսանելի խոսքը։ Միաժամանակ բացարձակ արգահատելի է, որ բանասիրական թերկրթությամբ երկրի ղեկավարը մոռացության է մատնել (քանի որ` չի ցիտում, արդյունքն էլ չի երևում) ընդամենը մեկ տարի հետո նույնական հոբելյանի հասնող Աթաբեկ Խնկոյանի առականին։ Գուցե, հարմար չէ` պոպուլիստական ու դեմագոգիկ ելույթները համեմել առակի այլախոսությամբ, բայց հաստատ անհարմար է` անձամբ ստեղծել առակի այս կամ այն «հերոս»-ի հետ նույնանալու վտանգ։
Համաձայնեք. խիստ անհարմար իրավիճակ կառաջանա, եթե Փաշինյանն, օրինակ, համարձակվի «ցիտել» Խնկո Ապոր «Մկների ժողովի» նույնիսկ վերնագիրը։ Բոլոր ներկաներն անմիջապես ասոցիատիվ` զուգորդական մտածողությամբ միանշանակ կբացահայտեն, որ անցած 11 ամիսներին թավշյա վարչապետը հենց միայն ա՛յն էլ արել է, որ եղած ու առաջացած պրոբլեմներից այս ու այն «հնարքով ազատվելու» անիրագործելի ծրագրեր է առաջարկել։ Անվիճելի է, որ Փաշինյանի հղացումներն ու նախաձեռնությունները նույնիսկ ակամա են զուգորդվում «զանգ»-ի որևէ տարբերակ «կատվի վզից կախ տալ»-ու առաջադրանքի հետ։
Այսպես Փաշինյանը հղացավ` փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի տրամաբանությունը, սկզբունքները, ձևաչափը։ Նույնիսկ` շտապեց իր այս հղացումը վերելակային շփման կարճ միջոցին փոխանցել Իլհամին, նաև այն քննարկել քիրվայի հետ` պատահական զրույցների ու եռանախագահների հետ հանդիպումների ժամանակ։ Միայն թե. թավշյա վարչապետը հաշվի չէր առել, որ չգիտի` թե ինչպե՞ս կարելի է իրագործել «իր» այս հղացումը, երբ ինքն անփորձ ու անկարող է և «զանգ կախող» էլ չունի։ Չգիտի, որ անհարմար վիճակում չհայտնվելու համար «հղացումները» նախ պետք է «տանը» քննարկել ու պարտադիր չէ դրանք օտարին պատմել։
Նա չգիտի նաև, որ Արցախի հիմնախնդիրը ցանկություններով չէ, որ պետք է լուծվի, այլ` հնարավորություններով։ Չգիտի, որ ոմանք ևս նման ցանկություններ ունեցել են, բայց խոհեմորեն փորձել են նախ հնարավորություններ ստեղծել ու պայմաններ ապահովել։ Չգիտի, որ դա հնարավոր չէ անել հեղափոխական դուխով, այլ մտածել է պետք ու հետևողական քայլեր կատարել։ Չգիտի, որ պետք չէ Արցախի խնդիրը լուծելու փորձ իսկ անել` Արցախի համար մարտնչած գեներալներին ու պատասխանատուներին ապօինաբար կալանելուց և իրազեկ դիվանագետներին սնապարծ դիլետանտներով փոխարինելուց հետո։
Այսպես Փաշինյանը «հղացավ» Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազային տրանզիտ ստեղծելու միտքը։ Անշուշտ` խիստ ցանկալի ծրագիր, որն, անվիճելիորեն, թավշյա վարչապետի մտքի արգասիքը չէ, այլ եղել է վաղուց, նաև` որն իրագործելու համար անհրաժեշտ հնարավորություններից ոչ մեկը Հայաստանը չունի ու հաշվարկելի հեռանկարում անհրարին է` ունենա։ Դեպք, երբ ո՛չ «զանգն» է մերը, ո՛չ էլ «զանգ կախողը» կարող ենք լինել։ Մինչդեռ. թավշյա վարչապետը, դարձյալ, դրսում է բարձրաձայնում իր հղացումը և միամտաբար քաջալերվում Իրանի շահագրգիռ արձագանքից։
Եթե Իրանի համար այս անհեռանկար նախաձեռնությունն առնվազն` իր տնտեսական ու պատժամիջոցային շրջափակումների թեման հնչեցնելու և քննարկելի դարձնելու ևս մեկ հնարավորություն է, ապա մեզ համար այն` երկրում առաջացած տնտեսական ու դիվանագիտական սնանկության թավշյա իրողությունը բացահայտելու և ներողամիտ ժպիտներ վաստակելու հերթական առիթն է։ Եթե թավշյա վարչապետը չգիտի կամ հաշվի չի առնում, որ իր այս «զանգը» կախելու համար Հայաստանը չունի անհրաժեշտ խողովակների արտադրություն ու այն գնելու կարողություն, խողովածաշար կառուցելու և անվտանգությունն ապահովելու ֆինանսական միջոցներ, Վրաստանի, ՌԴ-ի ու տարածաշրջանային շահագրգիռ խաղացողների հետ համապատասխան պայմանավորվածություն, նաև` գազ, ապա «զանգ կախող» ներկայանալը ծիծաղելի է։
Այսպես Փաշինյանը հռչակեց «տնտեսական հեղափոխության» իր վարդագույն երազանքը։ Եվ եթե թավշյա վարչապետը չգիտի, որ հեղափոխությունն ու տնտեսությունը (բիզնեսը չէ) հակոտնյաներ են, որ տնտեսությունը զարգանալու և ֆինանսական ներդրումներ ստանալու համար նախևառաջ օրինական միջավայր է պահանջում, որ անցումային արդարադատության ու դատական համակարգի հեռախոսային կառավարման, սեփականության ռեպրեսիվ վերաբաշխման և պետական ռեկետի, իշխանական ուղղաձիգ կաշառակերության ու ինստիտուցիոնալ կոռուպցիայի պայմաններում տնտեսությունը միայն կարելի է քայքայել, ապա նա չի կարող «զանգ կախող» լինել իր բնույթով։
Հավանաբար, անիրագործելի և երկարատև սպասումներ սպրդող Փաշինյանի առաջնային նպատակն այն է, որ ժողովրդից առանձնացած ու իրականությանն անհաղորդ կյանքով ապրող իր թավշյա «ազնիվ ցեղը» զուր տեղը չկորչի։ Հավանաբար, որպես արդարացում, նա ամեն դեպքում կարող է պնդել, թե` ժամանակ է պետք ու պատասխանատվությունն իրենը չէ, այլ մստոն ու ճստոն կամ որևէ այլ դիլետանտ նախարարն ու պաշտոնյան է սխալվել կամ թերացել։ Միշտ կարող է վերամբարձ տոնով արտաբերել` ինչ գաղափար է մահանում։ Միևնույնն է. ճառ ասելը զանգ կախել չէ, իսկ թավշյա վարչապետը միայն բախտախնդիր ճառասաց է։ Եվ ի՞նչ է նա ասելու, երբ գա «պոչը քաշելու» ժամանակը։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու