Եղել է ազատ տարածքները փայ-փայ անելու գործընթաց. Պապիկյան
«Ցավոք սրտի, ՀՀ-ում տարիներ շարունակ կեղծ աճուրդներ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և եղել է ազատ տարածքները փայ-փայ անելու գործընթաց, իսկ այժմ դրանք բացահայտվելու են, ու ապօրինի կերպով սեփականաշնորհված հողատարածքները վերադարձվելու են պետությանը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և այդ ուսումնասիրության արդյունքներով կարող են եզրակացություն անել, որ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով, ոչ մրցութային ձևով։
«Հիմա մի շարք մարզերի համայնքներում տասնյակ հեկտարների հողատարածքներ տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց անունով սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի տանը։ Գործի քննության ավարտից հետո մենք, հավանաբար, կդիմենք ՀՀ վարչական դատարան այդ սեփականաշնորհման գործընթացները չեղարկելու համար»,- հավելեց նախարարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի մի քանի համայնքներում հայանքապետերի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին՝ Պապիկյանն ասաց, որ իրենք նախաձեռնում են տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարել, որից հետո բնակիչները կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել համայնքապետի պաշտոնավարման հետ կապված։
«Խնդրում եմ մեր քաղաքացիներին այլ կերպ ակնկալիք չունենալ, որ իշխանությունները պետք է իրենց իրավասություններից դուրս որևէ քայլեր կատարեն։ Այստեղ չի լինելու քաղաքական հաշվեհարդար, իսկ եթե այստեղ մեզ փնովելու են և ասեն, որ իշխանությունը գործիքներ չի կիրառում այդ հարցում, ապա պետք է հիասթափեցնեմ, յուրաքանչյուր պաշտոնյա իր գործողությունները պետք է բխեցնի օրենքից»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան