Պետականացված ռեկետ
Իշխանական վերնախավում տեղի ունեցող զարգացումները և, հատկապես, Փաշինյանի երկարատև ու դատարկախոս ասուլիսը ստիպում են առավել առարկայորեն անդրադառնալ այն իրողություներին, որոնց մասին հարցեր չհնչեցին։ Երկրի թավշյա ղեկավարն ասուլիսի սկզբում ակնարկեց, իսկ ավարտին` արձանագրեց, որ իր սպասած հարցերը չհնչեցին։ Չհնչեցին, քանի որ բեմադրությանը մասնակցելն էլ ի՛ր տրամաբանությունն ունի։ Եվ ի՞նչ նշանակություն ունի, թե ո՛վ, ե՛րբ ուի նչպե՛ս դրանք կհնչեցնի, երբ բոլո՛րն են ուզում լսել դրանց անջուր, հստակ, պարզ ատասխանները։
Դեռ իր դեկտեմբերյան այցից հետո թավշյա վարչապետի տիկինը լրագրողներին հայտնեց, որ Շվեյցարիայում «հանդիպել է հարկատուների հետ» և դրամահավաք է կազմակերպել։ Նաև շեշտեց, որ «նման հանդիպումները կլինեն պարբերական»։ Այս շեշտադրումը սպառնալիքի նման հնչեց` էլի՛ եմ գալու և դեռ շա՛տ եք վճարելու։ Շատ ավելի վիրավորական էր 325 փոքրիկ մոլորակի թագավորի անմիջականությամբ` ազատ ու հպարտ շվեյցարահայերին «հարկատու» անվանելը։ Եթե Փոքրիկ իշխանը չգիտեր, որ «թագավորները աշխարհին հասարակ հայացքով են նայում», ապա շվեյցարահայերը հաստատ գիտեն, որ իրենք տիկին Աննայի հպատակը չեն ու բնավ պարտավոր չեն` «համագործակցել» կամ «հարկ մուծել» նրա հոգաբարձությանը հանձնված «Իմ քայլը» և «City of smilB» բարեգործական հիմնադրամներին։
Իհարկե, տիկին Աննան ո՛չ դեկտեմբերին, ո՛չ էլ հետո չասաց, թե ովքեր ու ինչքան գումար են փոխանցել Փաշինյան ամուսինների հիմնադրամներին, բայց ցնցելու աստիճան զարմացրեց` նշելով դրամահավաքի նպատակը։ Թավշյա վարչապետի տիկինն այդ գումարներով «Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ» է ձևավորելու և ներկայացնելու է «գործունեության ոլորտները»։
Այսինքն. իր հետ բարեկամանալու և դեսից-դենից զրուցելու համար թանկ վճար է սահմանելու և` վերջ։ Հավանաբար, շվեյցարահայերն էլ չհասկացան, թե ինչ ասել է «Հայաստանի դասական երաժշտություն», բայց գիտակցեցին, որ չի կարելի հայկական դասական երաժշտության ուղեկցությամբ տիկին վարչապետի հետ զրույցը բարեգործություն համարել։
Փող կորզելու նույն հնարքը թավշյա վարչապետի տիկինը որոշեց կիրառել նաև մեր երկրի խոշոր հարկատուների նկատմամբ։ Ըստ մամուլում շրջանառվող և չհերքված լուրերի, նա ցանկով իր հետ պարտադիր հանդիպման է «հրավիրել» երկրի երեք տասնյակ ամենախոշոր հարկատուներին և գործարարների։ Նրանց նախօրոք տիկին վարչապետի անունից «իրազեկել» են, որ անխուսափելի հանդիպման անսակարկելի գինը` 70 հազար դոլար է։ Մի քանի րոպե զրուցում ես մի 30 հոգու հետ և խնդրեմ` ամուսնական հիմնադրամներում կամ հաշվեհամարներում առնվազն 2 միլիոն ու մի քանի հարյուր հազար դոլար ավելանում է։ Բայց սա չէ նպատակը. դա ընդամենը` կարգավիճակից ինքնին բխող հաճույքն է։
Հանդիպման բուն «նպատակը» նույնն է. դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար` Փաշինյան ամուսինների «City of smilB» հիմնադրամին դուխով աջակցելը։ Իսկ նշված նպատակին «ծառայել» չցանկացող և հայ դասական երաժշտության նկատմամբ անտարբեր հարկատուներին, նույնպես նախօրոք, «զգուշացրել» են, որ կալանքից ազատելու «իրավապահների» սահմանած «փրկագինն» անհամեմատ բարձր է։ Անցյալ հինգշաբթի էլ համացանցային ակտիվիստները հանրությանը, և հատկապես` իրենց կապիտալով տեղափոխվել հասցրած, բայց Հայաստան գալ ու հետ գնալ ցանկացողներին, իրազեկեցին, որ ապրիլի 3-ին տիկին վարչապետը մեկնելու է ԱՄՆ. նրա հետ ընթրել ցանկացողները պարտավորված կլինեն «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել առնվազն 150 դոլար։
Ներկայացվածն, իհարկե, ամուսնական հիմնադրամի համալրումների ո՛չ ամբողջական համապատկերն է։ Անշուշտ, կան նաև խորհրդապահական ու անանուն, խիստ նպատակային ու շահադիտական, միջնորդավորված ու փայաբանժինային «համալրումներ»։ Իսկ երբ պատկերացնելի է դառնում իշխանական զույգի միայն հիմնադրամային, «բարեգործական» հիմունքներով առաջացող բյուջեն կամ կուտակային կապիտալը, միաժամանակ նաև բնական հարց է առաջանում։ Ի՞նչ է սա, եթե ո՛չ ինստիտուցիանալ, ամուսնական, պետականացված ռեկետ։
Փաշինյանը իր բարոյախոսական ճառերից մեկով կուսակիցներին կոչ էր արել` «դուրս գալ խաբելու, «քցելու» տրամաբանությունից»։ Հիմա պարզվում է, որ թավշյա վարչապետը հեշտորեն բոլորին խորհուրդներ է տալիս, բայց խիստ դժվարանում է` ինքն իր խորհուրդները կատարել և «քցում» է` ում կարողանում է։ Մի առիթով էլ ասել էր, թե «ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»։ Հասկանալի է, որ տեր և տիկին Փաշինյաններին ոչ ոք առայժմ չի բռնի ու բանտ չի ուղարկի. չէ որ` նրանք վարչապետ են։ Բայց որ թալանվող ժողովուրդը անվերապահորեն ամբաստանում է նրանց, ու նրանք բարոյապես ինքնաոչնչանում են` փաստ է։
Հետգրության փոխարեն. Օրերս ԱՄՆ պաշտոնական աղբուրներում հայտարարություն եղավ, որ Միացյալ նահանգները որևէ պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Պորոշենկոյի գործունեության համար։ Հայտարարության մեջ նաև հստակ ընդգծված էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի վիճարկում Պորոշենկոյի հակաօրինական գործողությունների, կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնի չարաշահման, ապօրինի սխեմաներով ու գործարքներով հարստանալու մասին շրջանառվող պնդումները։ Իսկ որպես եզափակում` նշված էր, որ նախագահ Պորոշենկոն հիասթափեցրել է ԱՄՆ-ին, քանի որ անցած հինգ տարիներին չի կատարել իր ստանձնած ժողովրդավարական խոստումները։ Շուտով նման մի հայտարարություն էլ ԱՄՆ-ն կհղի Հայաստան` փոխելով հասցեատիրոջ ազգանունն ու պաշտոնը միայն։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու