Պետական տուրքի բարձրանալու դեպքում փոխանակման կետերն ու գրավատները կփակվեն. Քննարկում՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանց բողոքն ուղղված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ: Փոփոխությունների համաձայն, 60 անգամ, մոտ 6000 %-ով նախատեսվում է ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը: Մասնավորապես, առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 մլն տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն:
Խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները նշեցին, որ նման տուրքերի դեպքում իրենց գործունեությունը կտուժի, հարկային բեռի տակից չեն կարող դուրս գալ և կհայտնվեն փակման վտանգի առաջ:
Գրավատներից մեկի ներկայացուցիչ Աշոտ Մխեյանը աբսուրդ համարեց այն փաստը, որ գրավատների գործունեության համար 100 հազար դրամի փոխարեն հարկերը դարձնում են 6 մլն դրամ:
«Մեր գրավատան պորտֆելը համարվում է փոքր պորտֆել, առավելագույնը 20 մլն է և 6 մլն հարկ վճարելն աբսուրդ է»,- ասաց Աշոտ Մխեյանը՝ հավելելով, որ իրենց գրավատունը գտնվում է Արարատի մարզում, որտեղ վարկային գումարներն ավելի փոքր են, իսկ չվճարողներն էլ՝ շատ:
Նա նաև նշեց, որ իրենց տարեկան ծախսերը կազմում են 12 մլն դրամ, եթե դրան էլ գումարեն 6 մլն հարկը, ապա գրավատան աշխատանքն անիմաստ է դառնում. «Դա մեր ընտանեկան բիզնեսն է,10 տարի է աշխատում ենք, բայց նման հարկերի դեպքում կփակվենք»:
Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն էլ ասաց, որ պետական տուրքի՝ 60 անգամ բարձրանալու դեպքում փոխանակման կետերը չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ:
«Բանկի գլխամասի համար սահմանվել է 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղի համար՝ 350 հազար: Վերջինս 15 և ավելի գործառույթ է իրականացնում և բոլոր գործառույթներից եկամուտներ է ստանում, իսկ փոխանակման կետն ընդամենը մեկ գործառույթ է իրականացնում և պետք է վճարի տարեկան 3 մլն դրամ»,- ասաց նա:
Արամայիս Խաչատրյանի խոսքով՝ սա ոչ համաչափ է, միգուցե հնարավոր է ելքեր գտնեն, թե ինչ չափի բարձրանա փոխանակման կետերի պետական տուրքը, սակայն, ըստ նրա, մինչ օրս Կենտրոնական բանկը, Կառավարությունը նրանց հետ երկխոսության չի մտել:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հանրապետությունում գործում է 231 փոխանակման կետ, և եթե այդ տուրքերը պահպանվեն, ապա դրանց մոտ 80 տոկոսը կփակվի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ նշեց, որ պետք չէ բանկերի հետ համեմատություն կատարել:
«Ես բանկերի շահերը չեմ ներկայացնում, բայց որ իրենք էլ այստեղ լինեին կասեին՝ կանոնադրական կապիտալ, գումարի սառեցում և այլն: Եկեք այդ դաշտից զերծ մնանք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական տուրքի վերջին փոփոխությունը եղել է 1997 թվականին, ուստի բարձրացում պետք է, բայց ինչ չափով, որքան, պետք է դա հասկանան:
Քննարկման վերջում որոշում կայացվեց մեկ հանդիպում էլ կազմակերպել Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան