ԴԱՀԿ-ը կոյուղու դեմ անզոր է
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցում կոյուղաջրերի հունը փոխելու ու կրկին կոյուղատար ուղղորդելու հարցը հասել է դատարան։
Ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարի 25-ին հայցվորների և ինքնուրույն պահանջեր ներկայացնող երրորդ անձի ներկայացուցչի միջնորդությունը հայցի ապահովման միջոցի կիրառման վերաբերյալ բավարարվել է, որով որոշվել է պատասխանողին պարտավորեցնել չխոչընդոտել Աթոյան 62, 60, 58, 58/1 հասցեների բնակելի տների կոյուղու գծի գործունեության վերականգնմանը:
Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին դատարանի որոշումը և կատարողական թերթերը ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դատական ակտի կատարման համար: Սակայն մինչ օրս հարկադիր ծառայությունը չի կարողանում կամ էլ ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում իրականացնել հայցի ապահովման վերաբերյալ Դատարանի որոշումը:
«Կատարողական վարույթը հարուցվել է, սակայն հարկադիր ծառայությունը ոչ մի բան չի կարողանում անել։ Պատասխանող կողմը պարտավորվել է, որ իր գործողություններով չի խոչընդոտելու կոյուղատարի գործունեության վերականգնմանը, սակայն փաստացի խոչընդոտում է, ինչի վրա հարկադիր ծառայությունը ուշադրություն չի դարձնում։ Իսկ ԴԱՀԿ-ն էլ, որ կարող է միջոցներ կիրառել ԴԱՀԿ օրենքի 62 հոդվածի համաձայն, անգործություն է ցուցաբերում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դատարանում հայցվոր կողմի և երրորդ անձի շահերը ներկայացնող փաստաբան Քրիստինե Գալստյանը։
Տեղեկացնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի համաձայն`պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ։
Փաստաբանն ընդգծում է, սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով։
«Բայց հիմա դա էլ չի անում»,-դժգոհում է փաստաբան Գալստյանը։
Աթոյան փողոցի հիշյալ հասցեների բնակիչները, որոնց բակերով արդեն ամիսներ շարունակ հոսում են կեղտաջրերը, կասկածում են, որ ԴԱՀԿ աշխատակցին պատասխանողի հետ ունեցած հնարավոր ծանոթությունն ու կապերն են խանգարում գործել: Նրանք զարմանում են՝ մարդկանց հաշվին կալանք դնելու, անչափահաս երեխաներով ընտանիքներին վտարելու ու այլ պահանջներն արագ իրականացնում են, ի՞նչն է խանագարում ապահովել կոյուղատարի գործունեությունը վերականգնելու պահանջը։
Բնակիչների խոսքով, կոյուղատարի գործունեության վերականգման համար անհրաժեշտ է նոր խողովակներ տեղադրել։ Քաղաքացիները պատրաստ են իրենց միջոցներով դրանք գնել ու տեղադրել։ Պատասխանող կողմը՝ հարևանը պնդում է, որ հին կոյուղատարը գործարկեն։
«Հին կոյուղատարը տեղ-տեղ ջարդել է, դիտահորի մեջ մեծ քարեր է գցել, այն շահագործման համար ոչ պիտանի են դարձել, կոյուղաջրերը նորից դուրս են գալու հողի վրա»,-իրավիճակը ներկայացնում են ու հինը չգործարկելու պատճառները ներկայացնում են բնակիչները։
Փաստաբան Քրիստինե Գալստյանը նշում է, ինքը ԴԱՀԿ աշխատակցին ասել է՝ հարկ եղած դեպքում դատարանից պարզաբանում կխնդրի հայցի ապահովման միջոցի որոշման վերաբերյալ։ Սակայն ծառայության Էրեբունի-Նուբարաշենի բաժնի պետը նշել է՝ հստակեցման կարիք չկա։ Փաստաբանը խնդրի վերաբերյալ մի քանի օր առաջ դիմել է ԴԱՀԿ գլխավոր կատարողին, բայց դեռ պատասխան չի ստացել։
Հիշեցնենք, որ Աթոյան փողոցում հակասանիտարական իրավիճակն առաջացել է անցած տարվա ապրիլ ամսից։ Մի քանի տների կոյուղաջրերը հոսում են հարևան բակով: Գարշահոտը տարածվում է ամենուր, կեղտաջրերում որդեր են խլրտում։ Ինչպես բնակիչներն են պատմել, խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ հարևաններից մեկը՝ Վ. Հ.-ն Նոր-Արեշ 8-րդ փողոց 27 հասցեի բնակելի տունը ձեռք բերելուց հետո ինքնակամ փակել է կոյուղու խողովակաշարը: Հարևանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել, նա անդրդվելի էր։
Հիմա ընդհանուր իրավասության դատարանը կողմերին հաշտության համաձայնություն կնքելու համար ժամանակ է տրամադրել: Հաջորդ նիստը նշանակված է մարտի 28-ին։
Լուսանկարներն արվել են վերոնշյալ հասցեներում երեկ՝ մարտի 20-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Աթոյան փողոցում համաճարակի վտանգ կա
- Աթոյան փողոցում կոյուղաջրերի կողքին երեխաներ են խաղում
- Փնտրվում է Նոյ. Աթոյան փողոցում մեկուկես ժամ տունը մաքրել են կոյուղաջրերից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան