Շաբաթօրյակ՝ ինքնակազմակերպման տրամաբանության մեջ
Մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ շաբաթօրյակին 125-150 հազար քաղաքացու մասնակցություն են ակնկալում։ Նաև նշեց, որ այդ օրը կաշխատի շուրջ 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ։
Շաբաթօրակի մասին հայտարարելուց որևէ կերպ չնշվեց, թե համապատասխան գերատեսչություններից կողմից աշխատանքային հիգիենիկ պարագաներ՝ գործիքներ, ձեռնոցներ, տրամադրելու են վերը նշված թվով մարդկանց, թե՞ ոչ։ Սրա վերաբերյալ Panorama.am-ը փորձեց տեղեկատվություն ստանալ Տարածքային կառավարման և զարգացման նախարար հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այնտեղից մեզ ասացին, որ ծրագրի շրջանակներում հիգիենիկ պարագաների տրամադրման հետ կապված ֆինանսական բաղադրիչը բացակայում է։
«Խնդիրը դրված է ինքնակազմակերպման տրամաբանության մեջ, այսինքն՝ դրանք կազմակերպվում են մարզպետարանի, համայնքապետարանի կողմից, ծրագրով գումար չկա։ Մենք մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ունենք տվյալ օրը մաքրման ենթակա տարածքների գոտիավորման սխեմաներ, այսինքն, որ տարածքները պետք է մաքրվեն, դրանց սխեմաները տեղադրված է համապատասխան գերատեսչությունների կայք-էջերում, եթե քաղաքացիները ցանկանում են կարող են ծանոթանալ այդ սխեմաներին, ու արդեն դրանով պայմանավորված մարդիկ իրենց բնակության վայրից կամ հասանելիության աստիճանից կարող են գնալ և մասնակցել»,- նշեցին հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ շաբաթօրյակի մասին «իվենթներ» կան ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված։ Օրինակ Երևանի քաղաքապետարանը բացի այն, որ իր «իվենթում» կոչ է անում «միասին մաքրել և կանաչապատել մեր սիրելի մայրաքաղաքը», նշում է նաև, որ աշխատանքների ընթացքում բնակիչներին կօգնեն Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները:
Մնում է հուսալ, որ շաբաթօրյակի նախաձեռնողները նույնքան բարեխիղճ կգտնվեն, որքան իրենց միացած քաղաքացիներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան